Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է Եվրոպայում էներգակիրների ներկրումից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/ԱՌԿԱ/․ Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի գների ցատկը պետք է ազդանշան ծառայի Եվրոպայի համար՝ էներգակիրների ներկրումից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին, ինչպես հաղորդում է Finmarket-ը, հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Քրիստին Լագարդը։
Այժմ եվրոպական երկրներն էներգակիրների իրենց կարիքների շուրջ 60%-ն ապահովում են արտասահմանյան գնումների հաշվին, և նման իրավիճակն «ակնհայտորեն անկայուն է», հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Ֆրանկֆուրտում կայացած բնապահպանական համաժողովի ժամանակ։
«Էներգակիրների արժեքի ներկայիս աճը հիշեցում է այն գնի մասին, որը մենք վճարում ենք կախվածության համար», - ասել է Լագարդը։ - «Էներգիայի այլընտրանքային աղբյուրները լավագույն հնարավորություններն են ընձեռում էներգետիկ անվտանգության, բնապահպանության և հասանելիության ապահովման նպատակներին հասնելու համար»։
Հաշվի առնելով կլիմայական և բնապահպանական ռիսկերի մասշտաբները՝ «կառավարությունների և հասարակության կողմից ձեռնարկված պատասխան միջոցառումները բավարար չեն եղել», հավելել է ԵԿԲ ղեկավարը։
Անցյալ շաբաթ կարգավորողը հիմնական տոկոսադրույքները թողել է նույն մակարդակի վրա, ընդ որում՝ ԵԿԲ կառավարիչների խորհուրդը քննարկել է տարբեր տարբերակներ, այդ թվում՝ փոխառությունների արժեքի բարձրացումը՝ աճող գնաճային ռիսկերի ֆոնին։ Էներգակիրների գների բարձրացման հետևանքով եվրագոտում գնաճն առաջիկայում զգալիորեն բարձր կլինի 2% թիրախային մակարդակից, նշել է Լագարդը՝ ապրիլյան նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։