Рейтинг@Mail.ru
USD
365.95
EUR
417.29
RUB
4.6535
GEL
139.31
2026 թ. հուլիսի 24, ուրբաթ
եղանակը
Երևանում
+31

Վրաստանում և Աբխազիայում բլեքաութ է

Այսօր, 10:54
Վրաստանում և Աբխազիայում մասշտաբային հոսանքազրկում է գրանցվել
Վրաստանում և Աբխազիայում բլեքաութ է

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ուրբաթ՝ հուլիսի 24-ի գիշերը, Վրաստանում էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատում է տեղի ունեցել։ Ինչպես նշվում է Վրաստանի պետական էլեկտրահամակարգի հայտարարության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը, հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 00:10-ին «էլեկտրաէներգիայի մատակարարումը վթարային կարգով ընդհատվել է երկրի մասշտաբով»։

Ռուսալեզու ԶԼՄ–ները հայտնում էին, որ հոսանքազրկվել են Թբիլիսին և այլ քաղաքներ, ինչպիսիք են՝ Բաթումին, Քութայիսին, Թելավին, Բորժոմին, Բակուրիանին, Զուգդիդին։

«Խափանման պատճառով կանգ է առել պոմպակայանների աշխատանքը, Թբիլիսիի, Ռուսթավիի և Մցխեթայի բնակիչներին զգուշացրել են ջրամատակարարման հնարավոր խնդիրների մասին», - նշում է «Кавказский узел» առցանց պարբերականը։

Նրա տվյալներով՝ Georgian Water and Power ընկերությունը հաստատել է «ամբողջ երկրում» էլեկտրաէներգիայի անջատման մասին տվյալները՝ զգուշացնելով, որ որոշ քաղաքներում կարող են ջրամատակարարման ընդհատումներ լինել։

Ինչպես հայտնում է DW-ն, համացանցում հայտնվել են Վրաստանի պետական էլեկտրահամակարգի անունից տարածված հաղորդագրություններ այն մասին, որ բլեքաութի պատճառ է դարձել Վրաստանի և Թուրքիայի էներգահամակարգերը միացնող բարձրավոլտ էլեկտրական հաղորդալարերի վթարը: Սակայն վրացական Pirveli հեռուստաալիքն իր կայքում գրում է, որ ընկերությունում հերքել են այդ տեղեկությունը. «Գերատեսչությունը ժխտում է սոցիալական ցանցերում տարածվող հայտարարության իսկությունը, թե իբր մասշտաբային անջատման պատճառ է դարձել Վրաստանը և Թուրքիան միացնող էլեկտրահաղորդման գծի վթարը»:

Հրապարակման պահին Թբիլիսիի շրջանների մեծ մասում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել էր։

Էլեկտրաէներգիայի անջատում Աբխազիայում

Իր հերթին «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով Աբխազիայի իշխանություններին, հաղորդել է, որ հանրապետության ամբողջ տարածքը հոսանքազրկվել է «Ինգուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած համակարգային վթարի պատճառով»: Տեղական ժամանակով ժամը 3:00-ի սահմաններում «Աբխազիայի էներգետիկայի նախարարություն» Telegram-ալիքը հայտնել է հանրապետությունում էներգամատակարարման ամբողջական վերականգնման մասին։

Ինգուրի ՀԷԿ-ը՝ Կովկասի խոշորագույն հիդրոէլեկտրակայանը, վրաց-աբխազական հակամարտությունից հետո հայտնվել է Վրաստանի և Աբխազիայի իրավասության տակ։