Եվրագոտու տնտեսական վերականգնումը «պատժամիջոցների է ենթարկվել»
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գերմանական տնտեսությունը երկրորդ եռամսյակում առաջին անգամ 2012 թվականից կրճատվել է 0.2 տոկոսով, արդյունքում եվրագոտու ՀՆԱ–ն չի աճել։ Իր դերն է խաղացել ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի հետ առևտրային պատերազմը։ Դա կասկածի տակ է առնում երկրորդ կիսամյակում աճի տեմպերի վերականգնման ծրագրերը։
Գերմանական տնտեսությունը նախորդ տարի եվրագոտին դուրս է բերել ամենաերկար հետընթացից, այս տարվա առաջին եռամսյակում ԳԴՀ ՀՆԱ աճը կազմել է 0.7 տոկոս (վերանայվել է 0,8%–ից)։ Destatis գերմանական վիճակագրական ծառայությունը երկրորդ եռամսյակում տնտեսության անկման պատճառներից մեկը համարում է տաք ձմռան պատճառով նախորդ հաջող ժամանակահատվածը։ Մյուս գործոնն արտահանման մեծ աճն է, հաղորդում է РБК–ն։
Նախօրեին Deutsche Bank–ի վերլուծաբանները նշել էին, որ գերմանական տնտեսության վրա անուղղակի ազդեցություն կունենան նաև Ուկրաինայի աշխարհաքաղաքական ճգնաժամը և Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները։ Ռուսական տնտեսության թուլացման նկատմամբ հատկապես զգայուն է գերմանական ներկրումը` Ռուսաստանի ՀՆԱ–ի 1–տոկոսանոց կրճատումը պատմական ազդեցություն է ունեցել Գերմանիայից Ռուսաստան արտահանման` 3.5 տ.կ.–ով կրճատվելու վրա, հաշվարկել են բանկի տնտեսագետները։
Գերմանական Բունդեսբանկի ղեկավար Յենս Վայդմանը, այնուամենայնիվ, այս շաբաթ Phoenix TV–ին տված հարցազրույցում հայտնել էր, որ առայժմ գերմանական ԿԲ–ն «քիչ թե շատ» այս տարի Գերմանիայի 1.9–տոկոսանոց և 2015 թվականին` 2 տոկոսանոց աճի կանխատեսմանն է հավատարիմ։ Առայժմ Բունդեսբանկը, չնայած ռիսկերին, հետևում է «հարաբերականորեն դրական միտումներին», ասել էր Վայդմանը երկրի ՀՆԱ հիասթափեցրած տվյալների հրապարակումից մի քանի օր առաջ։
Տհաճ տնտեսական լուրեր են եկել հինգշաբթի նաև Ֆրանսիայից` երկրի տնտեսությունը չի աճել նախորդ եռամսյակի համեմատ` չհասնելով նույնիսկ վերլուծաբանների համեստ կոնսենսուս–կանխատեսման։ Նրանք ակնկալում էին ՀՆԱ–ի 0.1–տոկոսանոց աճ։ Աճ չկա երկրորդ եռամսյակն անընդմեջ։ Հինգշաբթի երկրի էկոնոմիկայի նախարար Միշել Սապենը Le Monde թերթում հոդված է հրապարակել, որում կոչ է արել ընդունել Ֆրանսիայի տնտեսական և ֆինանսական դժվարությունները և «հույս չկապել մի բանի հետ, ինչ չկա»։ Սապենի խոսքով, այս տարի Ֆրանսիայի ՀՆԱ–ն, հավանաբար, կաճի ոչ ավելի, քան 0.5 տոկոսով, և ոչինչ այժմ թույլ չի տալիս ենթադրել, որ 2015 թվականին այն կաճի ավելի քան 1 տոկոսով։ Ավելի վաղ ֆրանսիական կառավարությունն այս տարի կանխատեսում էր 1–տոկոսանոց, և հաջորդ տարի` 1.7–տոկոսանոց աճ։
Եվրագոտու` մեծությամբ երրորդ տնտեսությունը` Իտալիան, ռեցեսիայի վիճակին է վերադարձել դեռ օգոստոսին։ 2014 թվականի երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ–ն կրճատվել է 0.2 տոկոսով, առաջինում` 0.1 տոկոսով։ Իտալական կառավարության կանխատեսումների համաձայն, 2014 թվականին երկրի ՀՆԱ–ի աճը կկազմի 0.8 տոկոս։ Այնուամենայնիվ, Իտալիայի բանկը և երկրի ձեռնարկատերերի ազգային ասոցիացիան տրամադրված են պակաս լավատեսորեն, կարծելով, որ տնտեսությունը չի աճի ավելի, քան 0.2 տոկոսով։
Այս ամենը կարող էր և չազդել եվրագոտու ամբողջ տնտեսության աճի վրա։ Այսօր Eurostat–ի հրապարակած տվյալները վկայում են, որ արժութային բլոկի ՀՆԱ–ն երկրորդ եռամսյակում առաջինի համեմատ չի աճել։ Տարեկան տեմպերի հաշվարկով դա 0.2–տոկոսանոց աճ է` առաջին եռամսյակի 0.8–տոկոսանոց տեմպի համեմատ։ Միաժամանակ եվրագոտու սպառողական գների աճը վերջին երեք ամիսներին հասել է վերջին հինգ տարիների ամենացածր տեմպին։ Արժութային բլոկի 18 երկրների գնա–ը կազմել է ընդամենը 0.4 տոկոս, ինչն ամենացածր ցուցանիշն է 2005 թվականի հոկտեմբերից։ Դա հերթական անգամ ԵԿԲ–ի առջև դնում է եվրոպական տնտեսության խթանման հարցը, որ այն չհայտնվի գնանկման վտանգի առջև։
Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատացումն ավելի շատ ազդում է Կենտրոնական Եվրոպայի վրա։ Լեհաստանի ՀՆԱ–ն երկրորդ եռամսյակում ավելացել է միայն 0.6 տոկոսով նախորդ եռամսյակի համեմատ, ինչը գրեթե կրկնակի ցածր է հունվար–մարտի ցուցանիշից (1,1%)։ «Լեհաստանը ռուսական պատժամիջոցներից առավել տուժած երկրներից մեկն է»,– Bloomberg–ը մեջբերում է Societe Generale բանկի լեհական բաժնի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Յանեցկու խոսքը։
Չեխիայի տնտեսությունը չի աճել ՀՆԱ–ի` 0.2–տոկոսով աճելու վերաբերյալ կանխատեսումներին ի հակառակ, իսկ Հունգարիայում աճը 1.1 տոկոսից կրճատվել է մինչև 0.8 տոկոս։ Այնուամենայնիվ, Հունգարիայի դեպքում աճը գերազանցել է կոնսենսուս–կանխատեսումը 0.7 տոկոսի մակարդակում։
Բալթյան երկրներում, որտեղ Ռուսաստանի պատասխան քայլերը սննդամթերքի արտահանման արգելքի տեսքով առավել լրջորեն են զգացվում, երկրորդ կիսամյակում բավականին լավատեսական աճ է գրանցվել։ Էստոնիայի ՀՆԱ–ն աճել է 0.5 տոկոսով, Լիտվայինը` 0.7 տոկոսով, իսկ Լատվիայինը` 1 տոկոսով։ Էստոնիան և Լատվիան եվրագոտու կազմում են, Լիտվան կմիանա 2015 թվականի հունվարին։ Ֆինլանդիայի տնտեսությունն առաջին անգամ աճել է 2013 թվականի երրորդ եռամսյակից` 0.1 տոկոսով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:56 15.08.2014