Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Վանաձորում հղի կնոջ դանակահարման կասկածանքով ձերբակալել են նրա ամուսնուն

22.01.2020, 15:05
Վանաձորում հղի կնոջ դանակահարման կասկածանքով ձերբակալել են նրա ամուսնուն
Վանաձորում հղի կնոջ դանակահարման կասկածանքով ձերբակալել են նրա ամուսնուն

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 23-ամյա երիտասարդի կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2020 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 18:00-ին,  «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին  հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովյանի առաջնային պատի թափանցող և ձախ բազկի կտրած-ծակած վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակչուհի՝  ծնված 1998թ.:

Ըստ գերատեսչության հաղորդման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել):

22-ամյա Վանաձոր քաղաքի բնակչուհին տուժող է ճանաչվել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք անձինք, առգրավվել են հիվանդանոց ընդունվելու պահին  տուժողի հագին եղած հագուստները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի ամուսինն է՝ ծնված 1997թ.:

Նախաքննությամբ պարզվել է, որ 23-ամյա երիտասարդը, 2020թ. հունվարի 21-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, տեղեկանալով կնոջ հղի լինելու մասին, պահանջել է բնակվել իր հետ, սակայն մերժում ստանալով՝ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում երիտասարդը իր մոտ գտնվող դանակով հարվածել է կնոջը՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-