«Դալմա Գարդեն մոլը» չի գործի մինչև հունվարի 14-ը. տեխնիկական աշխատանքները շարունակվում են
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./ԱՌԿԱ/. «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ղեկավարությունը մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվայից օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար, ինչի հետ կապված առևտրի կենտրոնը չի աշխատի մինչև հունվարի 14-ը: Այս մասին նշվում է «Դալմա Գարդեն մոլ»-ի Facebook-յան էջը:
«Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին:
Ելնելով մեր հաճախորդների և գործընկերների շահերից՝ Դալմա Գարդեն մոլի ղեկավարությունը միևնույն ժամանակ մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվա քաղաքից օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար»,- նշվում է տարածված հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ այդ աշխատանքներն իրականացվելու են մոտ օրերին, և Դալմա Գարդեն մոլը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից:
«Ցանկանում ենք հավաստիացնել, որ տվյալ պահին կատարվում են բոլոր քայլերը, որպեսզի Դալմա Գարդեն մոլը հնարավորինս շուտ վերսկսի բնականոն աշխատանքը:
Կրկին շնորհակալություն ենք հայտնում հավատարմության և մեր կողքին լինելու համար»,- հաղորդում է առևտրի կենտրոնի ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում զգացվել են ցնցումներ, ինչից հետո առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են։ Սեյսմիկ ծառայությունն իր հերթին նշել է, որ հանրապետության տարածքում գրանցված երկրաշարժի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Ըստ ԱԻՆ-ի՝ ցնցման պատճառ կարող են եղած լինել հարակից տարածքում այդ ժամանակահատվածում կատարվող շինարարարկան կամ այլ մեխանիկական աշխատանքները, ինչպես նաև օդափոխության մասնակի խափանումը:-0-