Մալուխի հինգ գողություն է կատարվել ՀԿԵ-ում միայն հունվարին
01.02.2013,
14:11
2013 թվականի սկզբից գողությունները Հարավկովկասյան երկաթուղում հաճախակիացել են: Միայն հունվարի 7-ից 20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը 5 անգամ գողացել է կապի մալուխը Պռոշյան-Եղվարդ հատվածում, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի սկզբից գողությունները Հարավկովկասյան երկաթուղում հաճախակիացել են: Միայն հունվարի 7-ից 20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը 5 անգամ գողացել է կապի մալուխը Պռոշյան-Եղվարդ հատվածում, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության և «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցները կարողացել են հայտնաբերել հնարավոր հանցագործին՝ բնակության վայր չունեցող երիտասարդին: Երկաթուղու հարևանությամբ գտնվող տնակում հայտնաբերվեց նաև գողոնը՝ 17 մետր կապի մալուխը»,- նշվում է հաղորդագրությունում:
2012 թվականի մայիսին Մասիս քաղաքի Ոստիկանության Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալեցին «Հարավկովկասյան երկաթուղու» վազուրդիներից մեկում գողություն կատարած Այնթափի 5 անչափահաս բնակիչներին: 15-17 տարեկան անչափահասները պարբերաբար գողանում էին կապի մալուխները՝ հանձնելով այն շատ ցածր գնով որպես մետաղյա ջարդոն:
Արդյունքում, երկաթուղուն հասցրած վնասի չափը գերազանցեց 536 000 դրամ:
««ՀԿԵ» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է, որ նման սարքավորումների և կապի միջոցների գողության դեպքերը մեծ վտանգ են ներկայացնում ուղևորների կյանքի և առողջության, երկաթուղու և գնացքների անվտանգության համար»,- նշում են մամուլի ծառայությունից:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--