Հաղորդակցությունն այսօր և վաղը․ ինչ խնդիրներ է այն լուծում

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./ԱՌԿԱ/. Հարցազրույց Deem Communications ռազմավարական հաղորդակցության գործակալության Գործադիր տնօրեն Արմինե Զաքարյանի հետ։
«ԱՌԿԱ». ինչպե՞ս կնկարագրեիք հաղորդակցության ոլորտը Հայաստանում։ Ի՞նչ փոփոխություններ է այն կրել վերջին տարիներին և դեպի ուր է գնում։
Արմինե Զաքարյան. հաղորդակցության ոլորտը Հայաստանում վերջին տարիներին բավականին արագ է զարգանում։ Մոտ 7-8 տարի առաջ արագորեն սկսեց զարգանալ հանրային կապերի (PR) ոլորտը՝ կայանալով որպես առանձին դաշտ՝ իր գործիքակազմով ու մոտեցումներով։ PR-ի զարգացման վրա, անխոս, էական ազդեցություն ունեցան նաև հաղորդակցության արևմտյան միտումները։ Այս ընթացքում նույնիսկ ստեղծվեցին առանձին PR գործակալություններ։ Հաշվի առնելով վերջին միտումները, սակայն, կարող ենք ասել, որ ներկայումս PR-ն ավելի հաճախ և ավելի արդյունավետ աշխատում է մարքեթինգի հետ համակցված տարբերակով, ինչի արդյունքում նոր ու էլ ավելի հետաքրքիր լուծումներ են առաջ գալիս։ Զուգահեռաբար, որպես ոլորտի կարևորագույն բաղադրիչ՝ շարունակում է արագ զարգանալ թվային մարքեթինգը, որի արդյունքում հաղորդակցությունը դառնում է ավելի թափանցիկ, երկկողմանի ու արագ։
«ԱՌԿԱ». ի՞նչ ներդրում ունի Deem Communications-ը Հայաստանում հաղորդակցության ոլորտի զարգացման գործում։
Արմինե Զաքարյան. իր գործունեության 15 տարիների ընթացքում Deem Communications-ն առանձնահատուկ կարևորություն է տվել ոլորտի զարգացմանը՝ արձագանքելով տարբեր ժամանակներում տեղական շուկայում առկա կարիքներին։ Տարբեր առիթներով ներդրել է նորարարական մոտեցումներ, որոնք, սակայն, ոչ միշտ են անմիջապես ընդունվել պատվիրատուների կողմից՝ համարվելով ժամանակի համար չափազանց համարձակ։
Ոլորտի զարգացման համար DEEM-ը ստեղծել է լայնամասշտաբ հարթակներ առաջատար միջազգային մասնագետների գիտելիքի և փորձի ներդրման համար՝ 5 տարի շարունակ նախաձեռնելով և կազմակերպելով PR գագաթաժողովը (PR Summit Armenia)։ Վերջինիս շրջանակում DEEM-ը Հայաստան է հրավիրել բարձրակարգ մասնագետների ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Շվեդիայից, Ռուսաստանից, Լիբանանից և այլ երկրներից, ովքեր իրենց արժեքավոր գիտելիքն ու փորձն են փոխանցել տեղի մասնագետներին։
DEEM-ի գործունեության առաջին տարիներին տարբեր արևմտյան մոտեցումներ ենք ներդրել նաև փառատոնային մշակույթն աշխուժացնելու համար, քանի որ այդ ժամանակ դրա կարիքը շատ էր զգացվում։ Տարիներ շարունակ նախաձեռնել ու իրականացրել ենք «Ձմեռային փառատոն»-ը (Winter Fest Armenia), որի առանցքում Կաղանդ պապի կերպարի վերհանումն էր։ Փառատոնն իր մեջ ներառում էր Ձմեռ պապերի վազքարշավը, տարբեր կերպարներով տոնական շքերթը և բազում այլ միջոցառումներ։ Աջակցել ենք նաև «ReAnimania» անիմացիոն ֆիլմերի փառատոնին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, «Պոպոկ» գովազդային և մի շարք այլ փառատոնների։ Առաջիններից ենք եղել, որ Հայաստանում կիրառել ենք «ֆլեշմոբ» գործիքը, ինչպես նաև լրատվամիջոցների համար տարատեսակ հետաքրքիր, այլընտրանքային ձևաչափեր ենք ստեղծել միջոցառումների լուսաբանման համար։
Խոսելով հաղորդակցության ոլորտի զարգացման մասին՝ կարող եմ ասել, որ շատ բան է փոխվել նաև դիզայնի դաշտում։ Օրինակ, DEEM-ի գործունեության սկզբնական փուլում՝ օրինակ 2006 թ․-ին, «բրենդբուք»՝ այսինքն լոգոտիպի և, առհասարակ, բրենդի կիրառման ուղեցույց ունենալու մշակույթը զարգացած չէր Հայաստանում։ Ստեղծվում էին տարատեսակ լոգոներ, բայց դրանց գրագետ կիրառման եղանակներն առաջնահերթություն չէին դիտվում։ DEEM-ն այս մշակույթի ստեղծման հարցում ևս իր ներդրումն է ունեցել։ Մեծ ջանքեր ենք գործադրել նաև քաղաքային բրենդինգի զարգացմանը նպաստելու համար։ Ամբողջությամբ սեփական ռեսուրսներով մշակել ենք Գյումրի քաղաքի բրենդը։ Սա բավականին լուրջ, համապարփակ և երկարատև աշխատանք էր․ տարբեր ուսումնասիրություններ ենք իրականացրել, որոնց հիման վրա էլ ստեղծել ենք բրենդը։ Ավելի վաղ մշակել էինք նաև Արցախի Հանրապետության զբոսաշրջության վարչության լոգոտիպը՝ հաղորդակցության բոլոր բաղադրիչներով՝ արտաքին և տպագիր գովազդի դիզայնից մինչև վեբ կայք և սոցիալական հարթակների առաջխաղացման ռազմավարություն։
Այժմ DEEM-ն անդամակցում է միջազգային առաջատար հաղորդակցության գործակալությունների ցանցերին՝ ամերիկյան Ketchum-ի ԱՊՀ երկրների ցանցին և գերմանական Media Consulta-ին։ 2010-ից ի վեր Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի՝ «AMCHAM»-ի անդամ ենք, որը տեղական կազմակերպությունների միջև համագործակցության համապարփակ հարթակ է։ Վերջերս դարձել ենք նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) անդամ։
«ԱՌԿԱ». Հայաստանում, ինչպես և այլուր, բիզնես հատվածը վերջին տարիներին էական փոփոխություններ է կրել։ Ինչպե՞ս է ադապտացվում հաղորդակցության ոլորտն այս փոփոխություններին։
Արմինե Զաքարյան. իրոք որ, շատ բան է փոխվել բիզնես ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մյուս երկրներում։ Նոր ներդրումների, տեխնոլոգիաների, նոր գործիքների և նոր գիտելիքների շնորհիվ մենք ակատես ենք լինում շատ տարբեր զարգացումների։
Այս մասով կյանքը կարելի է բաժանել 2 փուլի՝ 2020-ից առաջ և հետո։ Մեր օրինակով նշեմ, որ համավարակի սկսելուց անմիջապես հետո ամբողջ թիմով անցանք հեռավար աշխատանքի և շատ արագ կարողացանք հարմարեցնել մեր աշխատելաոճը ստեղծված մարտահրավերներին։ Օրինակ, երկու շաբաթվա ընթացքում դրսևորելով մեծ ճկունություն, կարողացանք վերամշակել մի լայնամասշտաբ, բազմաբաղադրիչ և կարևորագույն հաղորդակցության արշավ՝ ամբողջովին տեղափոխելով այն առցանց հարթակ։ Ճիշտ է, պատվիրատուն փոքր-ինչ երկմտում էր, արդյոք արժի ռիսկի դիմել և նման լայնամասշտաբ արշավ իրականացնել՝ ունենալով նման կարճ ժամանակահատված դրան պատրաստվելու համար․ բոլորս հայտնվել էինք ամբողջովին նոր իրավիճակում, և կիրառվող գործիքներն ու մեխանիզմները լիովին փոխվել էին։ Ի վերջո, մենք վստահեցինք երկար տարիների մեր փորձին և հաջողեցինք՝ ապացուցելով, որ անհնարին ոչինչ չկա, եթե կա բարձր թիմային ոգի և պատրաստակամություն։
Բիզնեսի առումով 2021-ից սկսած ավելի շատ աշխատում ենք ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, քանի որ այստեղ, անխոս, կա հսկայական ներուժ։ Ներուժի հետ մեկտեղ, սակայն, կան նաև արտաքին և ներքին հաղորդակցության խնդիրներ, որոնք թիրախավորված առաջարկների միջոցով փորձում ենք լուծել։ DEEM-ն այս ոլորտի առանձնահատկություններին առիթ է ունեցել ծանոթանալու և մանրամասն ուսումնասիրելու դեռ շատ վաղուց՝ իր ստեղծման առաջին իսկ տարվանից աշխատելով հեռահաղորդակցության, համացանցի մատակարարման, ինչպես նաև ծրագրային ապահովման գործում մասնագիտացած ընկերությունների, սթարթափերի հետ։
«ԱՌԿԱ». ի՞նչ է ռազմավարական հաղորդակցությունը։ Ինչպե՞ս է կիրառում այն Deem Communications-ը։
Արմինե Զաքարյան. ռազմավարությունը ցանկացած նախագծի, ծրագրի, գործողության հիմքն է։ Անկախ նրանից, թե ինչ կազմակերպություն ես ներկայացնում, պետք է ունենաս գրագետ մշակված ռազմավարություն, քանի որ ինքնաբուխ գործողություններով հաջողության չես հասնի։ Պետք է ունենաս հստակ տեսլական, ճշգրտորեն որոշված թիրախային լսարան և ասելիք, համապարփակ մոտեցումներ ու գործիքներ, թե ինչպես ես պատրաստվում հասնել նպատակիդ, իսկ որոշ դեպքերում՝ ելնելով ստեղծված իրավիճակից և պատվիրատուի ցանկությունից, ռազմավարությունը պետք է ներառի նաև ճգնաժամի կառավարման պլան։ Հիմնականում պատվիրատուները չեն կարևորում նման պլան ունենալը, մինչև չեն բախվում առաջին ճգնաժամին։ Մեր փորձառության ընթացքում ունեցել ենք նման դեպք, երբ պատվիրատուն կանգնած է եղել լրջագույն խնդրի առջև, ինչը բարեբախտաբար չի վերածվել ճգնաժամի մեր մասնագետների ձեռնարկած թիրախային քայլերի և 24/7 հասանելիության շնորհիվ։ Իհարկե, ցանկանում եմ, որ բոլորս հնարավորինս զերծ լինենք նման խնդիրներից։
Վերջին տասը տարիների ընթացքում DEEM-ը լուրջ աշխատանք է տարել իր խորհրդատվական կարողությունները զարգացնելու ուղղությամբ՝ առաջարկելով որակյալ մասնագիտական ծառայություններ այն կազմակերպություններին, որոնք հաղորդակցության ոլորտում փորձառու ստրատեգիստների կարիք ունեն։ DEEM-ի ռազմավարական հաղորդակցության խորհրդատվությունից ներկայումս օգտվում են թե մասնավոր, թե պետական և թե հասարակական կառույցները։
«ԱՌԿԱ». ո՞րն է հաջող հաղորդակցության արշավներ իրականացնելու գաղտնիքը։
Արմինե Զաքարյան. չվախենալ, բաց լինել նոր մոտեցումների, ունենալ գրագետ մշակված ռազմավարություն և հմտություններ, հաշվի առնել թիմի ռեսուրսներն ու կարողությունները, արշավի իրականացման ժամկետները, հնարավոր բոլոր ռիսկերն ու այլ գործոններ, որոնք առանցքային են հաջող արշավ ունենալու համար։
Կարող եմ մտաբերել, թե ինչպես ենք նման արշավների շրջանակում կազմակերպել մեծամասշտաբ փառատոններ, համաժողովներ և տարբեր բարձրաստիճան միջոցառումներ։ Հետաքրքիր է, որ այս առումով շատերը նշում են, որ անցել են DEEM-ի դպրոցը և կիրառում են այդ փորձն իրենց աշխատանքում։
«ԱՌԿԱ». ո՞րն է Ձեր ասելիքը, խորհուրդն այն կազմակերպություններին, ովքեր ցանկանում են բարելավել իրենց հաղորդակցության կարողությունները։
Արմինե Զաքարյան. շուկայում առաջարկները բազմազան են․ կարևոր է ճիշտ որոշում կայացնել և փորձված ու վստահելի տարբերակներով առաջ գնալ, լինել ժամանակին համընթաց ու կիրառել այնպիսի գործիքներ, որոնք արդիական են ու տվյալ պահի համար արդյունավետ։ Խորհուրդ կտամ նաև չվախենալ դիմել հմուտ փորձագետների, մասնագիտացած գործակալությունների, ինչը հնարավորություն կտա օգտվել մի ամբողջ թիմի հասանելիությունից և մասնագիտական կարողությունից։ Ի վերջո, ձեր հաջողությունը նաև մեր հաջողությունն է։
Ասելիքս ամփոփեմ՝ տեղեկացնելով մեր ընկերության մոտեցման մասին։ Արդեն մի քանի տարի է, ինչ DEEM-ը որդեգրել է հուսադրող, հույս ու լավատեսություն ներշնչող հաղորդակցության (hope-based communication) ուղղությունը։ Այս ուղղությունն օգնում է ռազմավարություններ մշակել ինչպես մեր, այնպես էլ մեր գործընկերների համար։ Ի վերջո, հույսն այն ուժն է, որն առաջ է մղում դեպի նոր զարգացումներ և վերելքներ կյանքի ցանկացած փուլում և ցանկացած բնագավառում։
«ԱՌԿԱ». որո՞նք են 2022-ի միտումները հաղորդակցության ոլորտում։
Արմինե Զաքարյան. Հուսադրող հաղորդակցությունը (hope-based communications) ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ 2022-ին կշարունակի լինել թրենդային ուղղություններից մեկը։ Եթե տարիներ առաջ բացասականը կանխելու նպատակով իրազեկման արշավներում առավել հաճախ էին հանդիպում վախ ներշնչող ուղերձները (օրինակ առողջապահական կամ ճանապարհային երթևեկության ոլորտներում իրականացվող արշավների դեպքում), ապա այսօր դրանց փոխարինելու են եկել արդեն հուսադրող ուղերձները։ Հուսադրող հաղորդակցությունը, սերմանելով հույս ու դրականը, իրազեկում է այն արժեքների և լուծումների մասին, որոնք ցանկանում ենք տեսնել թիրախային լսարանի շրջանում՝ վարքագծային փոփոխություններ հանգեցնելու նպատակով։
Անխոս, թվային մարքեթինգը շարունակում է զարգանալ որպես հաղորդակցության առանցքային ուղղություն, որտեղ էլ ավելի մեծ տարածում է գտնում թվային գործիքների օգտագործումը։ Ինֆլուենսեր մարքեթինգը ևս կմնա թրենդի մեջ՝ որպես ավելի լայն թիրախային լսարանների հասնելու միջոց։
Համավարակն իր հետ բերեց հիբրիտային` այսինքն առցանց ու անցանց հարթակների համադրությամբ մշակված միջոցառումների անհրաժեշտությունը։ Սրանք ևս կշարունակեն լինել 2022-ի հիմնական միտումներից մեկը։
Վիզուալ դաշտում՝ որպես հաղորդակցության կարևորագույն մաս, կտեսնենք բավականին համարձակ ու արտահայտիչ մոտեցումներ, որոնք իրենց հետ կբերեն կոնտրաստային գույներով համեմված 90-ականների ռետրո ֆուտուրիզմի ու սյուրռեալիզմի էլեմենտներ։ Իսկ 3D դիզայնի հետ մեկտեղ թրենդի մեջ կլինեն նաև ձեռքով նկարված 2D իլյուստրացիաները։–0–