Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Ինչու՞ են Վերին Լարսում կուտակվել հարյուրավոր հայկական բեռնատարներ, և ո՞ վ է մեղավոր. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ՝ «ԱՌԿԱ»-ից

19.11.2022, 15:37
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ «ԱՌԿԱ» գործակալությունը երեք հարց է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին
Ինչու՞ են Վերին Լարսում կուտակվել հարյուրավոր հայկական բեռնատարներ, և ո՞ վ է մեղավոր. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ՝ «ԱՌԿԱ»-ից
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ անցակետում ստեղծված բարդ իրավիճակի կապակցությամբ, որտեղ կուտակվել են հարյուրավոր հայկական բեռնատարներ, «ԱՌԿԱ» գործակալությունը երեք հարց է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին.

1) Ո՞րն է ստեղծված իրավիճակի պատճառը: Կողմերից ո՞ր մեկն է (ռուսական կամ վրացական) խոչընդոտում բեռների տեղափոխմանը:
2) Այս հարցը լուծվու՞մ է, և եթե՝ այո, ապա ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում:
3) Կառավարությունում այս հարցը քննարկվու՞մ է, եթե՝այո, ապա ո՞ր փուլում է քննարկումը: Իրավասու մարմիններից ո՞ր մեկն է պատասխանատու այս իրավիճակի լուծման համար:

Պատասխանը ստացվել է 11 օրացուցային օր հետո, ընդ որում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար, մամուլի քարտուղար Լիլիթ Հակոբյանից: Հրապարակում ենք պատասխանն ամբողջությամբ.

«Խնդիրը ծագել է Ղրիմի կամրջի պայթյունից հետո, երբ ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը բոլոր բեռնատարների նկատմամբ՝ անվտանգության խնդիրներից ելնելով։

Ներկայումս Վերին Լարսի հետ կապված իրավիճակը կայուն է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հետևում է թողունակությանը, ինչպես նաև առաջացող խնդիրներին։ Օպերատիվ աշխատանքներ են իրականացվում ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում խնդիրը լուծվի։

Վերին Լարսի անցակետով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող հայկական բեռնատարների կուտակումները, որոնք առաջացել են Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների կողմից բեռնատարների և ավտոմեքենաների խստացված զննման գործընթաց սկսելուց հետո, նվազում են, քանի որ Լարսի անցակետի թողունակությունը վերականգնվել է։

Ղրիմի կամրջի պայթյունի դեպքից հետո Հայաստանից դուրս եկած և Ռուսաստան մտած մեքենաների տարբերությունը կազմում է մոտ 1600 մեքենա, այսինքն, այս պահի դրությամբ, հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում:

Տեղեկացնում ենք նաև, որ Լարսի անցակետի այսօրվա թողունակությունը հայկական բեռներով մեքենաների վրա նույնն է, ինչ-որ եղել է մինչև նշված դեպքը։ Թողունակության ծավալը վերականգնված է, կազմում է մոտավորապես 160-170 մեքենա»:-0-