«Եվրոստան Ույուտ»-ի գլխավոր տնօրեն․ Կառավարությունը պետք է հստակ ազդակներ տա բիզնեսին՝ կորոնավիրուսի պատճառով ճգնաժամի պայմաններում

«Եվրոստան Ույուտ»-ի գլխավոր տնօրեն․ Կառավարությունը պետք է հստակ ազդակներ տա բիզնեսին՝ կորոնավիրուսի պատճառով ճգնաժամի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ «Եվրոստան Ույուտ» ընկերություն, գլխավոր տնօրեն Վլադիմիր Տեր-Մարտիրոսյանի հարցազրույցը «ԱՌԿԱ» և «Նովոստի-Արմենիա» գործակալություններին՝ #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում

Գործարկվե՞լ են արդյոք «հակակորոնավիրուսային» միջոցառումներ։

Տեր-Մարտիրոսյան․ «Եվրոստան Ույուտ» կազմակերպությունը հայաստանյան շուկայում արդեն 25 և ավելի տարիների պատմություն ունի: Մեր գործունեության հիմնական ուղղություններն են շինարարությունը, արտադրությունը և տուրիզմը:

Դեռ տարվա սկզբից մենք հետևում էինք Չինաստանում բռնկված և մի շարք այլ երկրներում տարածում գտած կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին և վերլուծում թե՛ տվյալ երկրների ձեռնարկած միջոցառումները, թե՛ վիրուսի հետևանքները բիզնեսի ոլորտի համար։ Չինաստանի մեր գործընկերների հետ անընդհատ կապի մեջ լինելով, այսպես ասած, առաջին ձեռքից էինք տեղեկատվություն ստանում։

Թե՛ այդ վերլուծությունները, և թե՛ հունվար-մարտ ամիսներին մեր ոլորտին բնորոշ պասիվությունը մեզ թույլ տվեցին հնարավորինս պատրաստված լինել, ունենալ հստակ մշակված գործուղությունների ծրագիր մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունն ապահովելու առումով:

Մարտի առաջին օրերին մենք արդեն ձեռք էինք բերել որոշակի քանակությամբ դիմակներ, ձեռնոցներ, սպիրտ ու ռեսպիրատորներ, ինչպես նաև օդն ախտահանող ամերիկյան հզոր սարք հաճախորդների սպասարկման սրահը մշտապես ստերիլ պահելու նպատակով։ Սարքն ամբողջությամբ ախտահանում է օդը՝ ի սպառ ոչնչացնելով բոլոր մանրէները:

Հաջորդն աշխատակիցների անվտանգությունն ապահովելու խնդիրն էր: Մարտի սկզբից ինտենսիվ ախտահանում էինք ընկերության բոլոր ռիսկային տարածքները թե՛ մեր ուժերով, թե՛ «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ։ Մեր այն աշխատակիցներին, որոնք խոցելի տարիքային խմբում են, առաջարկել էինք հնարավորության դեպքում տանից աշխատել և աշխատանքի չներկայանալ:

Ինչպե՞ս է փոխվել «Եվրոստան Ույուտ» ի գործունեությունը Հայաստաում կորոնավիրուսի վարակի տարածումից հետո։

Տեր-Մարտիրոսյան․ Ուղղություններից մեկը՝ տուրիզմն ամբողջությամբ կանգ է առել հասկանալի պատճառներով:

Մարտի 15-ի դրությամբ կահույքի, դռների և պատուհանների պատվերները կրճատվել են 50-70 %-ով: Այս պահին ընկերությունը 7 օրով ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը՝ հիմք ընդունելով առևտրի կենտրոնների տնտեսական գործունեության արգելման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը։

Ինչպե՞ս կմեկնաբանեիք Ձեր ոլորտում ստեղծված իրավիճակը Հայաստանում։ Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել այս իրավիճակը։

Տեր-Մարտիրոսյան․ Այս պահին դժվարանում եմ պատասխանել, քանի որ մեզ փաստացի օրենքով արգելված է գործունեություն ծավալել: Համոզված եմ, որ աշխատանքները վերսկսելուն պես կհաղթահարենք նաև այս ճգնաժամը: Չպետք է մոռանալ, որ «Եվրոստան Ույուտ»-ն այն եզակի ընկերությունն է, որ ստեղծվել է 90-ական թվականներին՝ պատերազմից անմիջապես հետո և առ այսօր կարողացել է հաղթահարել բոլոր ճգնաժամերը։ Մեր հիմնական ռեսուրսը մեր կադրերն են՝ մարդիկ, որոնցից շատերը արցախյան պատերազմի մասնակից են, մյուսներն իրենց ինժեներական գիտելիքներն ու փորձն են ներդրել հօգուտ մեր հայրենիքի:

Մեր աշխատակիցներն իրենց գործի իրական նվիրյալներ և պրոֆեսիոնալներ են: Վստահ եմ՝ առաջին հերթին հենց նրանց շնորհիվ կհաղթահարենք նաև այս ճգնաժամը: Բնականաբար, այլ գործիքներ, միջոցառումներ ևս նախատեսում ենք ձեռնարկել:

Խնդիրն այն է, որ մեր ընկերության դեպքում էական նշանակություն ունի շինարարական ոլորտի ակտիվությունն ընդհանրապես։ Մենք պատվերներով աշխատող ընկերություն ենք և, եթե շինարարությունն ուղղակի կանգ առնի, ապա չեմ կարծում, որ հնարավոր կլինի ինչ-որ բան ձեռնարկել: Գուցե այլ արտադրություն հիմնելու կամ գործունեության ուղղությունը փոխելու անհրաժեշտություն առաջանա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան կշարունակվի այս բարդ իրավիճակը։

Евростан Уют

Հույս ունե՞ք, որ պետությունը կօգնի։ Կոնկրետ ի՞նչ միջոցառումներ կկարողանային աջակցել ձեր բիզնեսին այս իրավիճակում։

Տեր-Մարտիրոսյան․Պետությունն, ինչպես մենք բոլորս, այս պահին թեժ մարտի մեջ է ընդդեմ վարակի: Մեջբերեմ Քենեդիի հայտնի հարցի փոքր-ինչ ձևափոխված տարբերակը․ «Իսկ ի՞նչ կարող ենք անել մենք այդ պայքարում հաղթելու համար, բացի տանը նստելուց և կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին գումար փոխանցելուց»: Ինչպես քիչ առաջ նշեցի, մենք ունենք պրոֆեսիոնալ ինժեներների, մոնտաժողների և այլ մասնագետների հզոր թիմ: Վստահեցնում եմ, որ նրանք բոլորը պատրաստ են իրենց գիտելիքն ու փորձը ներդնել հանուն մեր երկրի:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարող է անել ՀՀ կառավարությունը բիզնեսի համար, կառանձնացնեմ հետևյալը․ առաջին հերթին վերլուծել Չինաստանի փորձը և ունենալ գործողությունների հստակ պլան, մի քանի ծրագրեր մշակել իրավիճակի բարդացման տարբեր փուլերի համար՝ որպես ելակետային տվյալ հիմք ընդունելով հիվանդների քանակն ու վարակի տարածման արագությունը: Այնուհետև այդ պլանը ներկայացնել կազմակերպություններին, որպեսզի նրանք էլ կարողանան վերլուծել ու պատկերացում կազմել իրենց հետագա գործողությունների մասին: Կառավարությունը բիզնեսի հետ պետք է արդյունավետ համագործակցի և տա հնարավորինս հստակ ազդակներ՝ հակիրճ և հասկանալի։ Այն պետք է լինի նաև թիրախային՝ ըստ ոլորտների ընկերություններին ծանուցել իրենց աշխատելու իրավունքի և Կառավարության օժանդակության մասին:

Ընդհանրապես, կարծում եմ, պետք է առանձնացնել պետական աջակցության երկու փուլ՝ բուն ճգնաժամային և հետճգնաժամային:

Մեր նման ընկերությունների համար չաշխատելն անթույլատրելի է, քանի որ այս օրերին ծախսերը մեծանում են, իսկ դրամական մուտքեր բացարձակ չկան: Ողջունելի կլիներ, եթե հարկային զիջումներ իրականացվեին կամ հարկային արձակուրդ, աշխատավարձի որոշակի փոխհատուցում սահմանվեր: Միանշանակ ոչ մի դեպքում չպետք է դադարեցնել հիփոթեքային ծրագրի սուբսիդավարումը: Պետք է ձգտել շարունակել և զարգացնել Կառավարության՝ բոլոր արդյունք ցույց տված ծրագրերը:

Հիմա ամենակարևորն է օր առաջ հաղթահարել այս իրավիճակը, քանի որ երկար տևելու դեպքում ո՛չ բիզնեսի հնարավորությունները կբավարարեն պայքարելու, ո՛չ էլ պետության:

Վստահ եմ՝ ամեն բան կհաղթահարենք, եթե լինենք մեկ բռունցքի պես, ինչը շատ բնորոշ է մեր ազգին հենց դժվարին պահերին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:20 01.04.2020




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×