Հայաստանում կկառուցվի ժամանակակից Goght Urban Valley՝ 100 մլն դոլար արժեքով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կոտայքի մարզում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա, կկառուցվի 100 միլիոն դոլար արժողությամբ ժամանակակից Goght Urban Valley-ն: Գործարար, Goght Urban Valley նախագծի ներդրող Մովսես Ձավարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է այս ուրբանիստական նախագծի առանձնահատկությունների, առավելությունների և այս հողում բնակարաններ ձեռք բերելու պայմանների մասին, որը պատմական անցյալում եղել է հայ արքաների ամառային նստավայրը։
Կանաչ անկյուն՝ հարմարավետ կյանքի համար
Գառնի և Գեղարդ գյուղերի միջև ընկած պատմական Գողթ գյուղում, ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա, հարմարավետ վիլլաների և բազմաբնակարան տների կառուցման համար հատկացվել է 75 հեկտար տարածք։ Goght Urban Valley-ն բնակելի համալիրի կառուցման ժամանակակից հայեցակարգ է, որտեղ կարելի է ապրել բնության գրկում (տարածքի 80%-ը կանաչ է)՝ միաժամանակ մնալով քաղաքի բնակիչ՝ դրա համար բոլոր համապատասխան ենթակառուցվածքներով:
Ուրբանիստական նախագծի ստեղծման նախադրյալներից մեկը, ինչպես նշեց Ձավարյանը, աշխարհում կլիմայի կտրուկ փոփոխությունն էր։
Նա նշեց, որ, ըստ կլիմայագետների գնահատականների, Արարատյան դաշտավայրը, գերբնակեցման և կլիմայի փոփոխության պատճառով, շուտով հարմար չի լինի մարդկանց նորկալ կյանքի համար։
«Լավ է, որ Հայաստանում դեռ կան տարածքներ, որտեղ կլիմայական պայմաններն ու էկոլոգիան պահպանել են իրենց անաղարտ վիճակը, և Հայաստանի քաղաքացիների ապագան այս գոտում ապրելն է»,- կարծում է ձեռնարկատերը։
Նրա խոսքով, Goght Urban Valley նախագիծն իրականացվում է ժամանակակից արևմտյան հայեցակարգերի բոլոր կանոնների համաձայն՝ սկսած շենքերի ու շինությունների նախագծերից մինչև ծառայություններ։
«Համաճարակից հետո մենք հասկացանք, որ աշխարհում լինելու են կատակլիզմներ, նոր համաճարակներ, ուստի մարդ պետք է ունենա իր անձնական տարածքը քաղաքից դուրս, գաղտնիություն, որը կարող է սահմանափակել տարբեր գործոնների ազդեցությունից»,- ասաց Ձավարյանը։
Նրա խոսքով, նույնիսկ կլիմայի լուրջ փոփոխության հնարավոր բացակայության դեպքում պետք է հասկանալ, որ Երևանը չի կարող անվերջ զարգանալ։
«Մայրաքաղաքում նոր օբյեկտների անվերջ կառուցումը մեր դժբախտությունն է լինելու. որոշ ժամանակ անց մենք չենք իմանա ումով բնակեցնել դրանք։ Եվ այստեղ կլինի մի քանի տարբերակ՝ կա՛մ այստեղ կսկսեն ապրել շոգ կլիմային սովոր էմիգրանտները, կա՛մ այս տները վաղ թե ուշ կքանդվեն։ Եվ որքան շուտ հասկանանք, որ բնակության համար պետք է հարմար տեղ ընտրել, այնքան ավելի հեշտ կլուծենք այս հարցը»,- կարծում է գործարարը։
Վիլլաներ և բազմաբնակարան տներ
Ձավարյանն ասաց, որ առաջին փուլում կկառուցվի շուրջ 120 վիլլա և 5 երկհարկանի բազմաբնակարան տուն։ Տների յուրաքանչյուր հարկում կլինի հինգ բնակարան, որոնց դիրքը, գնորդների ցանկության դեպքում, թույլ է տալիս ձեռք բերել մի քանի բնակարան և միավորել դրանք։
«Որոշեցինք հստակ սահմանափակել տների քառակուսիները, որպեսզի դրանք մեծ չլինեն։ Մեծ տների մոդան Հայաստանում դեռ չի անցել, սակայն համաշխարհային միտումները ցույց են տալիս, որ մարդիկ հոգնել են մեծ տներից։ Goght Urban Valley -ում տների մակերեսը կազմում է 45քմ-ից մինչև 180քմ»,- ասաց նա։ Ձեռնարկատերը հավելեց, որ տների կառուցման և հարդարման ժամանակ հաշվի է առնվել «քար, ապակի, փայտ, մետաղ, երկաթբետոն՝ հիմքի համար» հայեցակարգը:
«Կարևոր գործոն է նաև էներգաարդյունավետությունը. մենք գրեթե հասել ենք Ա դասի էներգաարդյունավետության (սա նշանակում է սպառվող ռեսուրսների 40-50% խնայողություն, խմբ.): Գյուղը գազ չի ունենա, բայց կունենա արևային մարտկոցներ և ջեռուցման ու հովացման ժամանակակից համակարգեր, որոնք ավելի արդյունավետ և անվտանգ են: Համակարգերը կլինեն անհատական»,- նշեց ներդրողը։
Այս պահին արդեն վաճառվել է մոտ 20 տուն և 10 բնակարան։ Առաջին փուլի վաճառքը նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա կեսերին։ Երկրորդ փուլում նախնական նախատեսվում է կառուցել ևս 230 վիլլա։
Ենթակառուցվածքներ և կրթություն
Ձավարյանն ընդգծեց, որ գյուղը նախատեսված է մոտ 1000 մարդու բնակության համար։ Ուրբանիստական գյուղը կունենա խանութներ, հյուրանոց՝ 20 սենյակով, սրճարան, ռեստորան՝ հայկական հեղինակային խոհանոցով, քովորքինգ, սիգար-բար, գինետուն։ Կլինեն նաև մանկական խաղահրապարակներ, մոտ 4 հա մակերեսով մարզական գոտի՝ ֆուտբոլի դաշտով, բասկետբոլի և վոլեյբոլի խաղահրապարակներով և այլն։ Կլինի նաև ամֆիթատրոն, որտեղ մշտապես անցկացվելու են կամերային միջոցառումներ, կոնֆերանս սրահ՝ 150-200 հոգու համար, ամբուլատորիա, ուղղաթիռի համար նախատեսված հարթակ, մանկական սկաուտական խմբակներ։ Գյուղն ապահովված է լինելու նաև անվտանգությամբ, և մուտքը նրա տարածք կլինի հսկիչ արգելապատնեշների միջոցով։
«Նախատեսում ենք, որ մարդիկ այստեղ մշտապես կապրեն, բայց հնարավոր է նաև վարձակալություն։ Մեր հաշվարկներով՝ վարձակալության մոտավոր եկամտաբերությունը կկազմի մոտ 8-10%։ Ամեն դեպքում, տուն գնելը կարող է լավ ներդրում լինել»,- նշեց Ձավարյանը։
Ինչ վերաբերում է դպրոցին, ապա դրա կառուցումը Goght Urban Valley-ում չի նախատեսվում, երեխաները կսովորեն Գեղարդի դպրոցում, որը կարող է դառնալ Երևանի լավագույն դպրոցներից մեկի մասնաճյուղը: Ձավարյանը վստահեցրեց, որ գյուղում երեխաների համար կստեղծվեն ուսման լավ հնարավորություններ:
Ներդրումներ և տների գնման պայմաններ
Նախագծի ընդհանուր արժեքը, ըստ գործարարի, գնահատվում է 100 մլն դոլար: Կառուցապատողն արդեն իսկ նախնական լուրջ ներդրում է կատարել՝ 7-10 մլն դոլար։
«Մենք համագործակցում ենք Ամերիաբանկի հետ, որը մեզ տրամադրել է վարկավորման բարենպաստ պայմաններ։ Նախագծի համաներդրողները նաև տների գնորդներ են: Մենք ապահովել ենք նախնական ներդրումները, այժմ շարունակում ենք շինարարությունը և միաժամանակ զբաղվում ենք վաճառքով»,- ասաց Ձավարյանը։
Նա նաև նշեց, որ այս փուլում բնակարանի 1քմ-ի արժեքը 1400 դոլար է, սակայն շինարարության ընթացքում գինը կբարձրանա։ Գործարարի կանխատեսումների համաձայն՝ երկրորդային շուկայում 2-3 տարում այն կարող է հասնել 2200 դոլարի։
«Մեր հաճախորդների համար կստեղծենք հիփոթեքային առավել բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ կլինեն պետական բյուջե վճարվող եկամտահարկի հաշվին հիփոթեքային վարկերի տոկոսների մարման պետական տարբեր ծրագրեր: Կարծում եմ, որ բանկերի հետ համագործակցությամբ և սեփական կապիտալի հաշվին մեզ կհաջողվի կառուցել բարեկարգ և գեղեցիկ ուրբանիստական բնակավայր, որը հարմար է մարդկանց հարմարավետ կյանքի համար»,- ասաց Ձավարյանը։-0-