ԱՊՀ–ի կրիպտոշուկան կարող է կենտրոնանալ Հայաստանում». SkyLabs–ի ներկայացուցիչը` կրիպտոարժույթի կանոնակարգման և ռելոկանտների ազդեցության մասին

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխություններն ազդել են երկրների տնտեսությունների ամենատարբեր ոլորտների վրա։ Սակայն այս տատանումները միշտ չէ, որ բացասական են, և ճիշտ ռազմավարության դեպքում կարելի է հայտնվել բարձունքում։
Առավել հեռանկարային ոլորտներից է կրիպտոարժույթը։ «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում SkyLabs կրիպտոարժույթների տերմինալների մարկետինգի տնօրեն, Tunmun.am ծառայության համահիմնադիր, Bololex–ի CMO Անդրանիկ Թողրամաջյանը խոսել է SkyLabs նախագծի, Հայաստանում միակ կրիպտոտերմինալների, կրիպտոհանրության զարգացման և Հայաստանի` տարածաշրջանի կրիպտոկենտրոն դառնալու հեռանկարների մասին:
Անվտանգություն, հարմարավետություն , զարգացում
ԱՌԿԱ. ի՞նչը դարձավ նախադրյալ SkyLabs ծառայության ստեղծման համար։
Ա. Թողրամաջյան. մենք հայտնաբերեցինք, որ Հայաստանում կա անվտանգ ձևաչափով կրիպտոարժույթը փոխարկելու պահանջարկ։ Մեր նախագիծը գործարկվել է նախորդ տարվա ձմռանը, իսկ այս տարվա փետրվարից, երբ սկսվեց ռելոկացիոն ալիքը, օգտատերերի թիվը քառակի ավելացավ։
Հիմա փորձում ենք ցույց տալ, որ մեր նախագիծը «սպիտակ է» և հանրային, ամբողջովին օրինական։ Չենք աշխատում տարադրամի հետ, աշխատում ենք միայն հայկական դրամի հետո, քանի որ դա միակ օրինական միջոցն է։ Վճարում ենք 6%–անոց հարկ միջնորդավճարներից, որոնք վաստակում ենք յուրաքանչյուր օգտատիրոջից։
ԱՌԿԱ. ո՞րն է ձեր նախագծի նպատակը։
Ա. Թողրամաջյան. մեր նպատակն է զարգացնել կրիպտոհանրությունը։ Բազմաթիվ ընկերություններ այսօր նկատել են Հայաստանը և դիտարկում են այն` որպես գրասենյակ բացելու վայր։ Հետևաբար, կրիպտոարժույթի հետ աշխատանքի անվտանգ միջոցների հարց է ծագում։ Մենք ապահովում ենք մեր օգտատերերի անվտանգությունը, քանի որ կրիպտոմատները տեղադրված են հանրային վայրերում, նվազեցվում է գողության ռիսկը արժույթի հետ կապված գործարքների ժամանակ։
Այնպես որ, ելնելով այդ ամենից, մենք առաջին հերթին ղեկավարվում ենք անվտանգության գործոնով։ Իսկ մեր նախագծի երկրորդ շարժիչ ուժը հրապարակայնությունն է։
ԱՌԿԱ. տարածաշրջանում նման տերմինալների անալոգներ կա՞ն։
Ա. Թողրամաջյան. Վրաստանում կան կրիպտոմատների մի քանի ցանցեր, իսկ Հայաստանում դեռ միայն մերն է։
ԱՌԿԱ. այսօր որքա՞ն օգտատեր կա հարթակում։
Ա. Թողրամաջյան. հիմա ունենք մոտ 5 հազար գրանցված օգտատեր, որոնք միշտ օգտվում են ծառայությունից։ Նրանց շուրջ 70%–ը Ռուսաստանից է։ Այս պահին մեր կրիպտոմատներից ամեն օր օգտվում է մոտ 100 մարդ։
ԱՌԿԱ. որտե՞ղ են գտնվում տերմինալները։
Ա. Թողրամաջյան. երկրում ունենք ընդհանուր առմամբ 6 տերմինալ։ Առաջինը տեղադրվել է Ազատության պողոտայում գտնվող Business Plaza–ում, հետո` Ani Plaza հյուրանոցում, Piazza Grande բիզնես կենտրոնում, Երևան Մոլում, «Զվարթնոց» օդանավակայանում, և ևս մեկ տերմինալ գործում է Գյումրիում։ Դիտարկում ենք ևս երկու պոտենցիալ վայր տերմինալների համար` Երևանի արևելյան հատվածն ու Հայաստանի հարավը։ Մտածում էինք տերմինալ տեղադրել Մեղրիում, բայց դեռ սպասում ենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։
Ի դեպ, մեր կրիպտոմատներում հիմա կա վեց արժույթ` Bitcoin, Ethereum, USDT, BNB, BUSD և USDC։
ԱՌԿԱ. հեռանկարում որքա՞ն կրիպտոտերմինալներ եք նախատեսում բացել, ո՞ր քաղաքներում, և հետագայում որքա՞ն օգտատերեր եք նախատեսում ներգրավել։
Ա. Թողրամաջյան. ջանքեր ենք գործադրում, որպեսզի Հայաստանում հայ օգտատերերի թիվն աճի, այստեղ չունենք հստակ ցուցանիշներ։ Պետք է դուրս գանք նաև արտաքին շուկաներ, առաջին հերթին աշխատելու ենք Վրաստանի ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ կարող ենք հասնել մինչև 50 տերմինալի։
ԱՌԿԱ. որո՞նք են տերմինալներից օգտվելու առանձնահատկություններն ու առավելությունները։ Ձեր խոսքով, դա, առաջին հերթին, անվտանգությունն է, էլ ի՞նչ։
Ա. Թողրամաջյան. այո, անվտանգություն, բայց նաև դրամի ստացում։ Ծառայությունում կա վիրտուալ դրամապանակ, նաև գործարկվել է փոխանակման ֆունկցիան, այսինքն` հնարավոր է փոխարկել արժույթը «վիրտուալ դրամապանակի» շրջանակում։ Կրիպտոմատների միջոցով կարելի է ցանկացած ժամանակ համալրել դրամապանակը կամ դրամով միջոցներ կանխիկացնել։
Կրիպտոարժույթն ու Հայաստանի տնտեսությունը
ԱՌԿԱ. որոշ երկրներում սկսել են վճարումներ ընդունել կրիպտոարժույթով, Հայաստանում կա՞ն վայրեր, որտեղ կարելի է վճարել կրիպտոարժույթով, և ի՞նչն է խոչընդոտում այդ պրակտիկայի կիրառմանը։
Ա. Թողրամաջյան. երկրում կան հյուրանոցներ և խանութներ, որոնք ընդունում են վճարում կրիպտոարժույթով, բայց նման դեպքերում կրիպտոարժույթ ստացողները ստիպված են իրենց գրպանից դրամով փակել հաճախորդի հաշիվը` հարկերի հետ կապված հարցերը լուծելու համար։
ՀՀ ԿԲ–ն այսօր մտածում է կրիպտոարժույթի կանոնակարգման մասին, բայց բանկերը դրան դեռևս պահպանողական և թերևահավատ վերաբերմունք են դրսևորում։ Մենք ուզում ենք փոխել նրանց կարծիքը` ցույց տալով նաև, որ կրիպտոարժույթի ուղղվածությունը չի ազդում նրանց դրամական–ֆինանսական գործընթացների վրա։ Մտադիր ենք կանոնակարգել ոլորտը, կապի մեջ լինել բանկերի, ԿԲ–ի, Էկոնոմիկայի նախարարության հետ։
Էկոնոմիկայի նախարարությունն, իմ կարծիքով, կարող է հետաքրքրված լինել այդ ուղղվածությունից նոր ընկերությունների ներգրավման հարցում, քանի որ ՏՏ–ն սերտորեն կապված է կրիպտոարժույթի հետ։ Շատ ընկերություններ պատրաստ կլինեին աշխատել այստեղ, բայց դրա համար անհրաժեշտ է կանոնակարգում։
ԱՌԿԱ. Երևանից դուրս կրիպտոարժույթի կիրառման փորձ կա՞։
Ա. Թողրամաջյան. այո, իհարկե, օրինակ` Դիլիջանում, Գյումրիում։ Այստեղ ամեն ինչ կախված է սեփականատերերից, պետք չէ մոռանալ, որ բիզնեսի մեծ մասը մեզ մոտ կապված է Երևանի հետ։
ԱՌԿԱ. եթե կրիպտոարժույթը կանոնակարգվի օրենսդրական մակարդակի վրա, ինչպե՞ս դա կազդի երկրի տնտեսության վրա, ի՞նչ առավելություններ կլինեն։
Ա. Թողրամաջյան. կանոնակարգել ասելով` մենք ենթադրում ենք ոչ միայն հարկերի վճարում, այլև անձնագրերի նույնականացում և այլն։ Դա, առաջին հերթին, կազդի տնտեսության «սև», ստվերային հատվածի վրա, որը հիմա որևէ կերպ չի վերահսկվում։ Կանոնակարգման դեպքում այն աստիճանաբար դուրս կմղվի։
Երկրորդ պահը, կբարձրացվի հարկվող բազան, կհայտնվեն նոր նախագծեր, որոնք կսկսեն մշակումներ Հայաստանում։ Հետևաբար, եթե նրանց գործունեությունը կարգավորվի, ապա նրանց ծառայության վճարումը հարկման դեպքում կավելացնի պետության տուրքերը։
ԱՌԿԱ. այսինքն, Հայաստանում կրիպտոնախագծերի զարգացման ճանապարհին միակ խոչընդոտն օրենսդրական կարգավորու՞մն է, թե՞ կան այլ խոչընդոտներ։
Ա. Թողրամաջյան. ճիշտ է, այլ խոչընդոտներ չկան։ Եթե լինի օրենսդրական կարգավորում, բոլորը կհետևեն միանման կանոններին, որոնք հաշվի են առնում ԿԲ–ի, բանկերի, Էկոնոմիկայի նախարարության և ոլորտի այլ դերակատարների հետաքրքրությունները։ Պետք է նայել այլ երկրների փորձին, պահպանել բոլոր դերակատարների հետաքրքրությունները և մշակել օրենք, որին կհետևեն։
Ռելոկանտների ազդեցությունը հայկական կրիպտոհանրության վրա
ԱՌԿԱ. ինչպե՞ս է ռուս ռելոկանտների հոսքն ազդել հայաստանյան կրիպտոհանրության զարգացման և Հայաստանում նրանց գաղափարների հանրայնացման վրա։
Ա. Թողրամաջյան. առաջին ալիքի ժամանակ Հայաստան տեղափոխվեցին միջին դասի մարդիկ, որոնց թվում էին ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, որը սերտորեն կապված է կրիպտոարժույթի հետ` մենեջերներ և թոփ–մենեջերներ։ Նրանք, առաջին հերթին, ազդեցին կրիպտոհանրության զարգացման վրա` այստեղ ստեղծելով նախագծեր, կիսվելով փորձով։ Հայաստան եկան նաև մարդիկ, ովքեր տարբեր ձևով տեղափոխում էին իրենց ռեսուրսները։ Այստեղ ստեղծում էին ընկերություններ, երկրում ներդրումներ էին կատարում և գումար ծախսում` գործարքների մեծ մասն իրականացնելով կրիպտոարժույթով։
Պետք չէ թաքցնել, որ ՌԴ–ում կրիպտոարժույթի ներդրումը և դրա դուրս հանումը Հայաստանում շատերի համար շատ ավելի հարմար է և էժան, քան բանկային փոխանցումները։ Դա չի կարելի փոխել և իրավաբանորեն հետապնդել, քանի որ արգելված չէ։ Այդ պատճառով կարելի է կանոնակարգել այդ խողովակը, որի միջոցով շատ մեծ ծավալի գումարներ են փոխանցվում։
Ռելոկացիան ազդեց տեղական հատվածի վրա այն իմաստով, որ Հայաստանը դարձավ ֆինանսական կենտրոն։ Մեծ թվով մարդիկ իրենց ընկերությունները բացեցին այստեղ, փոխանցեցին մեծ միջոցներ կրիպտոարժույթով։ Այդ ծավալն, իհարկե, ավելի փոքր է Ռուսաստանից կատարված բանկային փոխանցումներից, բայց այն ևս զգալի է։ Կանոնակարգման բացակայության պատճառով չի հաջողվում հետևել, թե ուր են շարժվում ֆինանսական հոսքերը` մնու՞մ են երկրում, թե՞ այստեղ միայն «սպիտակեցվում են»։
ԱՌԿԱ. այսինքն քանի դեռ Հայաստանը պետական մակարդակով չկարգավորի կրիպտոարժույթի ոլորտը, դրանից որևէ օգուտ չի՞ ստանա։
Ա. Թողրամաջյան. ըստ էության` ոչ, քանի որ, օրինակ, Եվրոպայի երկրների համար, որոնք սիրում են թափանցիկ մեխանիզմներ, կարևոր է, որպեսզի հնարավոր լինի հետևալ իրենց ֆինանսներին, որոնք մեծ ծավալով գալիս են Հայաստան։
Խնդիրն այն է, որ մենք չգիտենք այդ մեծ ծավալի միջոցների նպատակն ու ուղղությունը։ Հետևաբար, եթե չլինեն փոփոխություններ, փողերը կգան և կգնան ստվերային ճանապարհով, իսկ Հայաստանը դրանից մեծ օգուտ չի ստանա։ Ոլորտի կարգավորումից հետո այստեղ կարող են գալ բազմաթիվ ընկերություններ, և այդ ժամանակ ԱՊՀ շուկան կարող է կենտրոնանալ Հայաստանում։
Հայաստանը` որպես միջազգային տեխնոհարթակ
ԱՌԿԱ. հիմա կարծիք կա, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալ երկրորդ «Սիլիկոնյան հովիտ»։ Համաձա՞յն եք այդ կարծիքի հետ։
Ա. Թողրամաջյան. դա շատ բարձր է ասված, մասշտաբները տարբեր են, բայց հաշվի առնելով տարածաշրջանն ու ընթացիկ իրողությունները` Հայաստանն իսկապես կարող է դառնալ տեխնոլոգիական հարթակ, որտեղ բոլոր երկրները կկարողանան շփվել, որտեղ կարող են գրանցվել տարբեր ընկերություններ և միավորվեն կապիտալներ։
Աշխատանքի թափանցիկ մեխանիզմի դեպքում Հայաստանը հետաքրքիր կլինի արևմտյան երկրներին` Ռուսաստանի և այլ պետությունների, մերձբալթյան երկրների հետ բիզնեսի և կապիտալի հաղորդակցության համար, ընկերություններ բացելու համար, Ռուսաստանի դեպքում այլ շուկաների հետ շփման համար, ինչպես նաև Իրանին։
Երբ կա նման հետաքրքրություն, դա կարող է վերածվել շուկայի առանց հստակ կանոնների։ Այդ պատճառով անհրաժեշտ են կանոններ, որպեսզի մենք կարողանանք կառուցել համակարգ, որը կարող է դառնալ «Սիլիկոնյան հովտի» նմանակը։
ԱՌԿԱ. ո՞ր պետության մոդելով Հայաստանը կարող է ձևավորել այդ կարգավորումը։
Ա. Թողրամաջյան. առաջին հերթին պետք է նայել ԱՄՆ–ին, Անգլիային և Եվրոպայի որոշ երկրներին։ Պետք է արձագանքենք այդ ուղղությամբ ԱՄՆ–ում տեղի ունեցող իրադարձություններին։ Պետք է նաև ընտրել երկիրը ոչ միայն օրենսդրական նորմերով, այլև նրանով, թե որտեղ է հիմնված ընկերությունների մեծ մասը։
ԱՌԿԱ. տեսնու՞մ եք ազգային վիրտուալ արժույթի ստեղծման հեռանկարներ։
Ա. Թողրամաջյան. այո, հեռանկարներ կան, շատ օգտակար կլիներ։ Օրինակ, հիմա Ռուսաստանն Իրանի հետ անցնում է վիրտուալ արժույթի, մենք ևս կարող էինք որոշ ժամանակ անց օգտվել այդ փորձից։ Դա կդյուրացներ հաղորդակցությունը, բյուրոկրատիան, տնտեսական շատ պահեր։
Ազգային վիրտուալ արժույթի ներդրումը կնվազեցներ կոռուպցիան այն բանի շնորհիվ, որ կարելիէ բլոկչեյնի միջոցով հետևել միջոցների «ճանապարհին»։ Մենք կցանկանայինք, որպեսզի գոնե ինչ–որ ոլորտներում պիլոտային ռեժիմով օգտագործվեր այդ ձևաչափը։ Վիրտուալ արժույթի հաշվին մենք կկարողանանք պահել լիկվիդայնությունը, և դրամի փոխարժեքը կդառնա ավելի կայուն։
SkyLabs–ն առաջիկայում իր օգտատերերի համար կներդնի AMDC (թվային դրամ), միգուցե դա կլինի առաջին և օգտակար քայլը Հայաստանի թվային արժույթի ստեղծման ճանապարհին։
ԱՌԿԱ. ի՞նչ է խանգարում ներդնել վիրտուալ արժույթ ազգային մակարդակում։
Ա. Թողրամաջյան. առաջին հարցը կանոնակարգումն է։ Վիրտուալ արժույթի ներդրման համար նաև անհրաժեշտ են տեխնիկական համակարգային բազա, որոշակի լիկվիդայնություն, նախագծի ստեղծում և աջակցություն։
ԱՌԿԱ. տարածաշրջանի երկրներում կա՞ն վիրտուալ արժույթներ:
Ա. Թողրամաջյան. Ղազախստանում կա նման պրակտիկա։ Վրաստանն արդեն հունվարին մոտենում է կանոնակարգման, ինչը կլինի կարևոր քայլ թվային արժույթի ստեղծման ճանապարհին։–0–