Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԱԶՍԲ–ն մտադիր է կրկնապատկել ՀՀ պորտֆելը ՓՄՁ–ի և հեռահաղորդակցության ոլորտի ֆինանսավորման հաշվին

27.06.2012, 17:39
«ԱՌԿԱ» գործակալության բացառիկ հարցազրույցը Առևտրի և զարգացման սևծովյան բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի հետ
ԱԶՍԲ–ն մտադիր է կրկնապատկել ՀՀ պորտֆելը ՓՄՁ–ի և հեռահաղորդակցության ոլորտի ֆինանսավորման հաշվին
«ԱՌԿԱ» գործակալության բացառիկ հարցազրույցը Առևտրի և զարգացման սևծովյան բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի հետ

«ԱՌԿԱ». Պարոն Կոնդակով, ի՞նչ արժողության ծրագրեր է իրագործում ԱԶՍԲ–ն Հայաստանում։

Ա.Կոնդակով.
Բանկի գոյության շուրջ 12 տարիների ընթացքում մեր կողմից Հայաստանում ֆինանսավորվել են մոտ 80 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 17 նախագծեր։ Ներկայիս պորտֆելն ընդգրկում է մոտ 50 մլն եվրոյի 12 գործառնություն, ինչը համապատասխանում է բանկի համախառն պորտֆելի մոտ 4 տոկոսին։ Սա մեզ համար վատ ցուցանիշ չէ։ Միաժամանակ, մենք Հայաստանում ընդյալնվելու բավականին լավ հնարավորություններ ունենք։ Արդշինինվեստբանկի հետ մի պայմանագիր մենք արդեն ստորագրել ենք հունիսի 17–ին, իսկ օրերս Բանկի տնօրինության խորհուրդը հավանություն է տվել ևս երկու նոր գործարքի` մեկը հայկական մեկ այլ բանկի հետ, և ևս մեկ համաձայանգիր հեռահաղորդակցության ոլորտում, որը շատ հեռանկարային է Հայաստանի համար և նոր է մեզ համար։ Այդ համաձայնագրերի ստորագրումից հետո 50 մլն եվրոյին կավելանա ևս 30 մլն եվրո, իսկ Հայաստանի մասնաբաժինը կգերազանցի 50 տոկոսը։

«ԱՌԿԱ». Հայաստանի վարկավորման ո՞ր ոլորտներն են գերակա բանկի համար։

Ա.Կոնդակով.
Հայաստանում ԱԶՍԲ–ի աշխատանքի գերակայությունները, նախևառաջ, համաձայնեցված են հայկական կառավարության հետ։ Սա, առաջին հերթին, արտադրական հատվածն է։ Մենք նաև կարծում ենք, որ լավ հնարավորություններ կան նաև ենթակառուցվածքի բնագավառում, մասնավորապես, վերականգնող էներգետիկայում, ինչպես նաև հեռահաղորդակցման ոլորտում։ Մեզ համար շատ կարևոր ոլորտ է փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորումը, ինչը մենք իրականացնում ենք մեր ֆինանսական միջնորդների` տեղական բանկերի միջոցով։

Հայաստանում մեզ հաջողվում է գտնել հետաքրքիր նախագծեր` բոլոր երկրներում չէ, որ դա դյուրին է։ Բարձր ենք գնահատում այն փաստը, որ մեր հայկական պորտֆելը դիվերսիֆիկացված է։ Հայաստանի հարևան երկրներում նույնպես մեծ թվով լավ նախագծեր ունենք, բայց դրանք հիմնականում կենտրոնացված են ֆինանսական հատվածում։ Ձեր դեպքում, ֆինանսական հատվածի բաժինը կազմում է շուրջ 50 տոկոս, մնացածը` իրական հատվածն է։

Մեր կողմից վարկավորվող ոլորտների թվում կարող եմ նշել գյուղատնտեսությունը, մանրածախ առևտուրը։ Հայաստանում մեր կատարած աշխատանքի ընթացքում մենք հետաքրքիր գործարք ենք ունեցել Երևանի «Արմենալ» (մտնում է ալյումինիումի և կավահողի աշխարհի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ՄԸ–ի կազմում) փայլաթիթեղի արտադրման գործարանի, SAS սուպերմարկետների ցանցի,  «Beer Of Yerevan», «Euroterm» ընկերությունների հետ։ Իհարկե, մեր գործընկերների թվում կան նաև որոշ հայկական բանկեր։

«ԱՌԿԱ». Նախկինում դուք նշել եք Հայաստանում ներդրումային կլիմայի բարելավման մասին։ Ինչպե՞ս է արտահայտվում այդ բարելավումը։

Ա.Կոնդակով.
Նախևառաջ, հայկական բանկերն ավելի թափանցիկ և հասկանալի են դարձել։ Դրանք ավելի լավ են յուրացրել ժամանակակից բիզնեսի զարգացման հիմքերը։ Եթե 12 տարի առաջ մենք որևէ ընկերության խնդրում էինք ցույց տալ աուդիտ անցած ֆինանսական հաշվետվություն, ոմանք նույնիսկ չէին հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Իսկ այժմ արդեն զարմանալի չէ գտնել այնպիսի ընկերություններ, որոնք աուդիտ են անցնում, որոնք թափանցիկ են, ներդրել են կորպորատիվ կառավարման ժամանակակից մեթոդներ։ Այդպիսի ընկերությունները մեզ համար հասկանալի են և նրանք մեր լավագույն գործընկերներն են։

«ԱՌԿԱ». ԱԶՍԲ–ն իր գերակա խնդիրների թվում նշում է նաև տարածաշրջանային համագործակցության խթանումը։ Գոյություն ունենք, արդյո՞ք, համագործակցության զարգացման հաջողված օրինակներ Հարավային Կովկասում։

Ա.Կոնդակով.
Սա մեր բանկի գործունեության կարևոր ուղղությունն է։ Օրինակ, մենք հպարտանում ենք այնպիսի նախագծերով, ինչպես Ռումինիայում կաթնարդյունաբերության աջակցությունը և Ալբանիայում հունական ընկերությունների կողմից հոսպիտալի կառուցումը, Վրաստանում «Efes» գարեջրի գործարանի կառուցումը։

Տարածաշրջանի հետ կապված այդպիսի նախագծերը քիչ չեն։ Եթե խոսենք Հայաստանի մասնակցությամբ միջտարածաշրջանային նախագծերի մասին, ապա դա, օրինակ, «Արմենալ» գործարանն է, «Sas Group» ընկերության կողմից մեր աջակցությամբ Վրաստանում NEXT բրենդային խանութի բացումը։

«ԱՌԿԱ». Հունիսի 17–ին Երևանում կայացել է ԱԶՍԲ–ի Կառավարիչների խորհրդի անդամների` թվով 14–րդ տարեկան ժողովը։ Տրվե՞լ է, արդյոք, որևէ գնահատական բանկի` նախորդ տարվա գործունեությանը։

Ա.Կոնդակով.
Որպես կանոն՝ նման միջոցառումների ընթացքում ներկայացվում է բանկի գործունեության տարեկան հաշվետվություն, և մենք հպարտանալու տեղ ունենք։ Բանկի տնօրենների խորհուրդը նախորդ տարի հավանություն է տվել 350 մլն եվրոյի գործարքների, ինչի արդյունքում մեր պորտֆելն ավելացել է 70 տոկոսով։ 300 մլն եվրոյի ստորագրված գործարքների գծով գրանցվել է 50–տոկոսանոց աճ։ Բացի այդ, մենք ստացել ենք բանկի համար ռեկորդային շահույթ`նախքան 20 մլն եվրոյի պաշարների և պահուստների ձևավորումը։ Արդեն յոթերորդ տարին անընդմեջ, չնայած աշխատանքային բարդ պայմաններին, մենք զուտ շահույթ ենք ցույց տալիս։ Այնպես որ բաժնետերերը գոհ են և, ընդհանուր առմամբ, սատարում են բանկին։ Այդպիսի աջակցության կարևորագույն դրսևորումներից մեկը մի քանի տարի առաջ բանկի վճարված կապիտալի կրկնակի աճն է։ Ի դեպ, հայաստանը բավականին ակտիվ օժանդակում է այդ գործընթացին։

«ԱՌԿԱ». Ազդու՞մ է, արդյոք, համաշխարհային իրավիճակը, մասնավորապես, եվրագոտու ճգնաժամը, ԱԶՍԲ–ի նախագծերի իրագործման վրա։

Ա.Կոնդակով.
Եվրոպայում ստեղծված իրավիճակը մեզ վրա ազդում է, բայց հավանաբար, հոգեբանական տեսանկյունից։ Մասնավորապես, մեզ վրա ազդում է մեր ներկայությունը Հունաստանում, թեև մենք դա սխալ ենք համարում։ Հունաստանը մեր բեժնետերն է, որը մեզ սատարում է, բայց մեր ներկայության փաստն այդ երկրում ստիպում է մոր որոշ գործընկերներին մտածել մեզ հետ հարաբերություններ կառուցելու հարցում։ Մենք բացատրում ենք, որ Հունաստանը մեր գործընկերն է, հունացիները մեզ օժանդակում են մեր գործառույթների իրականացման հարցում, բայց Բանկը որևէ առնչություն չունի Հունաստանի առևտրային բանկերի համակարգին, այն չի կարգավորվում Հունաստանի ազգային բանկի կողմից։

Մեր գործունեության վրա ճգնաժամի ազդեցության ևս մեկ գործոնն այն է, որ, այնուամենայնիվ, ճգնաժամի ընթացքում կատարվում է, այսպես կոչված, NPL–ի` չաշխատող վարկերի մասնաբաժնի աճ։ Այն նկատվում է նմանատիպ գրեթե բոլոր ինստիտուտներում։ Դա այն բնագավառն է, որին մենք ներկայում սկսում ենք ավելի մեծ ուշադրություն դարձնել և ավելի մանրամասն վերլուծել նախագծերը ռիսկերի տեսանկյունից։ -0-