Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+20

Վարդանյան. «Հայաստանն իր տեղը գտնելու և մարտահրավերներին դիմակայելու բոլոր հնարավորություններն ունի»

06.06.2014, 14:54
Հայազգի հայտնի ձեռնարկատեր և բարեգործ Ռուբեն Վարդանյանը «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում խոսում է Հայաստանում և Արցախում իրականացվող նախագծերի, Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների առջև ծառացած խնդիրների մասին։
Վարդանյան. «Հայաստանն իր տեղը գտնելու և մարտահրավերներին դիմակայելու բոլոր հնարավորություններն ունի»
Հայազգի հայտնի ձեռնարկատեր և բարեգործ Ռուբեն Վարդանյանը «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում խոսում է Հայաստանում և Արցախում իրականացվող նախագծերի, Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների առջև ծառացած խնդիրների մասին։

«ԱՌԿԱ» –  Այս աշնանը հարյուր երեխաներ աշխարհի 50 երկրից կսկսեն ուսումը UWC Dilijan College–ում։ Այժմ արդեն վստահաբար կարելի է ասել, որ ձեր հերթական նախագիծը հաջողությամբ պսակվեց։ Ի՞նչ նոր ծրագրեր եք մտադիր իրականացնել Հայաստանում։

Ռ.Վարդանյան
– Հայաստանում մեծ ծրագիր ունենք։ Իմ կարծիքով` դեռ ճանապարհի սկզբում ենք։ Պետք է ավարտին հասցնել Տաթևի նախագիծը` այնտեղ Տաթևի կլաստերի զարգացման մեծ ծրագիր կա, և ամենը, ինչ կապված է Տաթևի հետ և դրա շուրջ, մեծ նախագիծ ունենք Դիլիջանում, որը կապված է ոչ միայն դպրոցի, այլ նաև հենց քաղաքի զարգացման հետ։ Մենք ծրագրում ենք մի նախագիծ, որ կապված է Արցախի հետ, շատ ակտիվ մասնակցում ենք մի քանի այլ նախագծերի, որոնք այս կամ այն կերպ կապված են Հայաստանի հետ։ Դրանց բոլորի նպատակը Հայաստանն ավելի գրավիչ դարձնելն է, զբոսաշրջիկների և, ամենակարևորը, Հայաստանում բնակվող մարդկանց համար այն ավելի հետաքրքիր դարձնելը, որպեսզի նրանք զգան, որ այստեղ հետաքրքիր, դրական գործընթացներ են կատարվում, որոնց կյանքն ավել վառ, ավելի լավն են դարձնում, ավելի մեծ հնարավորություններ են տալիս սեփական հայրենիքում ինքնաարտահայտվելու համար։

«ԱՌԿԱ» – Հայաստանում ուշադիր հետևում են ռուսական տնտեսության վիճակին։ Կկարողանա արդյո՞ք վերականգնվել այն հարվածներից հետո, որոնք ստացել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության հետևանքով։

Ռ.Վարդանյան
– Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի հարվածները քաղաքական չեն, այլ գոյություն ունեն Ռուսաստանի առջև կանգնած բավականին լուրջ մարտահրավերներ` տնտեսական զարգացման և երկրին անհրաժեշտ փոփոխությունների տեսանկյունից։ Մարտահրավերները շատ են, բայց հույս ունեմ, որ Մաքսային միությունը, Միասնական տնտեսական տարածքը և մյուս բոլորը, ինչ ստեղծվում է ընդհանուր միության շրջանակում, հնարավորություն կտա Ռուսաստանին սեփական տնտեսությունն արդյունաբերական–հումքայինից վերակառուցել դեպի ավելի սպասարկող–տեղեկատվական, և այդ իմաստով ավելի դիվերսիֆիկացված։  Բայց այդ մարտահրավերները լուրջ են, և ես հույս ունեմ, որ ճիշտ որոշում կընդունվի։

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս այդ ամենը կանդրադառնա Հայաստանի վրա։ Կկարողանա՞ հայկական տնտեսությունը դիմանալ այդ հարվածներին։

Ռ.Վարդանյան
– Չարժե մշտապես խոսել հարվածների մասին` չնկատելով հնարավորությունները։ Չէ՞ որ ցանկացած ճգնաժամ հնարավորություն է։ Երկրորդ` պետք է ասեմ, որ Հայաստանն ունի իր մարտահրավերները, իր խնդիրները, իր հնարավորությունները, որոնցից պետք է ճիշտ օգտվել և ճիշտ արձագանքել աշխարհում կատարվող իրադարձություններին։ Հայաստանի վրա ազդում են ոչ միայն Ռուսաստանի իրադարձությունները, այլ նաև Թուրքիայի, Իրանի, Եվրոպայի, Ամերիկայի իրադարձությունները։ Այդ պատճառով Հայաստանը` որպես փոքր երկիր, պետք է ավելի հարմարվող լինի, քան մեծ երկրները։ Կարծում եմ` Հայաստանն ունի իր տեղը գտնելու, իր նախագծերն իրականացնելու բոլոր հնարավորությունները։

«ԱՌԿԱ» – Վերջին տարիներին Հայաստանը բարելավում է իր դիրքերը տնտեսական տարբեր վարկանիշներում, սակայն արտասահմանյան ներդրումների ներհոսքը երկրում անընդհատ կրճատվում է։ Ինչի՞ հետ է կապված, և ի՞նչ պետք է անի Հայաստանն այդ խնդիրը լուծելու համար։

Ռ.Վարդանյան
– Ես հայկական տնտեսության մասնագետ չեմ։ Պետք է անկեղծ ասեմ, որ բավականին խորը չեմ ուսումնասիրում այն, ինչ կատարվում է հայկական տնտեսությունում, և չգիտեմ այն թվերը, որոնց մասին խոսում եք։ Բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ պարզ է` ցանկացած երկիր գրավիչ է այնքանով, որքանով այն կարող է տալ խաղի հասկանալի, թափանցիկ և անփոփոխ կանոններ։ Այդ իմաստով ցանկացած տարածք, որտեղ այդ կանոնները հստակ են, հասկանալի և բոլորի համար նույնը, ներդրողների համար պահպանում է ներդնելու որոշման հնարավորությունը, նույնիսկ եթե տնտեսությունն այդքան էլ մեծ չէ, կամ երբ նախագծերն ավելի երկարաժամկետ կամ ռիսկային են։ -0-