Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանի զբոսաշրջային ներուժը հսկայական է

17.07.2014, 19:32
Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության (Ռոստուրիզմ) մամուլի ծառայության ղեկավար Իրինա Շչեգոլկովան «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պատմեց Հայաստանի զբոսաշրջային հատվածի ներուժի, հեռանկարային ուղղությունների և ոլորտի զարգացման համար անհրաժեշտ քայլերի մասին։
Հայաստանի զբոսաշրջային ներուժը հսկայական է
Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության (Ռոստուրիզմ) մամուլի ծառայության ղեկավար Իրինա Շչեգոլկովան «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պատմեց Հայաստանի զբոսաշրջային հատվածի ներուժի, հեռանկարային ուղղությունների և ոլորտի զարգացման համար անհրաժեշտ քայլերի մասին։

«ԱՌԿԱ»— Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից, և ի՞նչ կարող է նա առաջարկել, մասնավորապես, ռուս զբոսաշրջիկներին։

Ի.Շչեգոլկովա
– Մենք ընդամենը երկու օր ենք Հայաստանում և այդ ընթացքում ամենադրական տպավորություններն ունեմ` որպես մի երկրի մասին, որը հսկայական զբոսաշրջային ներուժ ունի։ Հայաստանը, իմ կարծիքով, կարող է առաջարկել զբոսաշրջության ցանկացած տեսակ, բացի, թերևս, լողափայինից, թեև ոչ մեծ լողափային սեզոն Սևանա լճում, այնուամենայնիվ, կա։ Դա նաև այժմ շատ ակտիվ զարգացող էկոլոգիական զբոսաշրջությունն է` հիասքանչ, օրգանական սնունդ, ինչն ամբողջ աշխարհում այժմ շատ տարածված է, և գաստրոնոմիկ մեծ շրջագայություններ են կազմակերպվում։ Դա նաև ակտիվ հանգիստն է, օրինակ, հեծանիվներով, կան հիանալի երթուղիներ։ Կրոնական զբոսաշրջությունը, որը ներկայում Ռուսաստանում շատ ակտիվ զարգանում է, մարդիկ հետաքրքրվում են իրենց ակունքներով, իրենց մշակույթով։ Պետք չէ դա շփոթել ուխտագնացության հետ, տվյալ դեպքում մարդիկ գնում են ոչ թե աղոթելու կամ սրբերին խոնարհվելու  նպատակով, թեև դա էլ կա, այլ պարզապես տաճարները դիտելու, իմանալու դրանց պատմությունը, գեղանկարչություն դիտելու, երաժշտություն լսելու։ Անշուշտ, դա մշակութային–ճանաչողական զբոսաշրջություն է, երբ մարդիկ գալիս են ճանաչելու մշակույթը, այլ երկրի ճարտարապետությունը, և այստեղ Հայաստանը, կարծում եմ` հպարտանալու տեղ ունի։

«ԱՌԿԱ»- Կա՞ն տվյալներ, թե տարեկան որքան զբոսաշրջիկ է գալիս Հայաստան Ռուսաստանից։ Նրանց ո՞ր տոկոսն են էթնիկ հայեր։ Չէ՞ որ նրանցից շատերը պարզապես գնում են հայրենիք` հարազատներին տեսնելու։

Ի.Շչեգոլկովա
– Շատերն են մեկնում հայրենիք։ Ահա այսօր առավոտից նայում էինք ռուսական պաշտոնական վիճակագրությունը, որը տալիս է Ռոսստատը։ Ռուսաստանի շուկայի պես շուկայի համար թվերն իրականում այնքան էլ մեծ չեն։ Նախորդ տարի միայն կազմակերպված զբոսաշրջության, այսինքն, տուրօպերատորներից գնված ուղեգրով, Հայաստան է եկել 48 հազար մարդ։ Կարծում եմ, որ դրանք հայեր չեն, որովհետև հայը կգնա իր ընկերների, բարեկամների մոտ, նա տուրօպերատորից ուղեգիր չի գնի, նա կգնի տոմս և այստեղ հյուրանոց կպատվիրի, եթե, ի վերջո, մնալու տեղ չունի։

Այսինքն, դրանք այն ռուսներն են, ովքեր եկել են այստեղ, ընդգծում եմ, կազմակերպված ձևով։ Շատերն այստեղ ինքնուրույն են գալիս, հիմա տոմս գնելու, ինքնուրույն գալու խնդիր չկա։

Բայց ինչո՞վ է հետաքրքիր Հայաստանը ռուս զբոսաշրջիկների համար։ Գործնականում չկա լեզվական արգելք, չկան վիզայի խոչընդոտներ, բավական է ունենալ արտասահմանյան անձնագիր և ինքնաթիռի տոմս գնել։ Որևէ խնդիր չկա, շատ հարմարավետ հանգիստ է։ Այդ պատճառով եթե լինեն որոշակի ջանքեր Հայաստանի կողմից իրեն որպես զբոսաշրջային ուղղություն նաև Ռուսաստանում առաջ տանելու ուղղությամբ, ապա, անկասկած, զբոսաշրջային հոսքը կարող է զգալիորեն աճել։

«ԱՌԿԱ» - Ի՞նչ պետք է անի դրա համար պետությունը և մասնավոր հատվածը։

Ի.Շչեգոլկովա
– Կարծում եմ, որ դա անպայման պետք է համատեղ աշխատանք լինի։ Պետությունը, իհարկե, շատ բան կարող է անել, բայց ամեն ինչ բարդել միայն պետության վրա նույնպես չի կարելի։ Այնուամենայնիվ, տուրիստական ֆիրմաները, որոնք գործում են երկրի տարածքում, երբեմն ավելի լավ գիտեն, թե ինչ պատրաստի զբոսաշրջային պրոդուկտ կարող են առաջարկել, այս դեպքում, ռուս զբոսաշրջիկին։ Եվ այդ իսկ պատճառով եթե պետության հետ միասին ջանքերը միավորվեն և ավելի շատ տեղեկություն լինի և Ռուսաստանի, և այլ երկրների մասին, ապա դա, անկասկած, իր պտուղները կբերի։ Ներկայում տեղեկությունը շատ քիչ է, իսկապես` քիչ։ -0-