Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարության տեղակալը, կքննարկվեն TRIPP նախագծի իրականացման հետ կապված քայլերը
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարության քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը։
Ինչպես հայտնում է ՀՀ –ում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քվինը դիմավորել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին, որը ժամանել է Երևան տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջ մղման նպատակով։
Հուքերը կհանդիպի վարչապետ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Միրզոյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանին և հատուկ բանագնաց Ռուբինյանին:
Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում։
Վաշինգտոնյան հռչակագրի մասին
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։