Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ԱԳՆ. Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից

08.09.2023, 10:42
Հայաստանը շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով, նախկինում առաջարկել է, հիմա էլ առաջարկում է նման ռիսկերը բացառելու մեխանիզմներ
ԱԳՆ. Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում ընդգծել հետևյալը։
  • Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը և լրատվամիջոցներն իրենք են հրապարակել Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտակայքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքեր կուտակելու մասին վկայող տեղեկություններ, ինչը հաստատվում է նաև այլ աղբյուրների տեղեկատվությամբ:
  • Վերոհիշյալ ելույթում ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում և 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին, ինչով վերահաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումը: Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից, որը մինչ օրս հրապարակայնորեն չի հաստատել իր հավատարմությունն այդ պայմանավորվածություններին:
  • Հայաստանը շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով, նախկինում առաջարկել է, հիմա էլ առաջարկում է նման ռիսկերը բացառելու մեխանիզմներ, որոնք մինչ օրս անպատասխան են մնացել, և պատրաստ է քննարկել արդյունավետ այլ մեխանիզմների ներդրումը նույնպես:
  • ՀՀ պատրաստ է շարունակել ակտիվ ջանքեր ներդնել հնարավորինս շուտ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքներն ավարտելու և այն ստորագրելու ուղղությամբ:
  • ՀՀ նվիրված է և շարունակում է հավատարիմ լինել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օրակարգին՝ միևնույն ժամանակ ընդգծելով պաշտոնական Բաքվի կողմից նույնպիսի հռետորաբանության և գործնական ազդակների անհրաժեշտությունը:
  • Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության բացակայությունը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում, չի նպաստում տարածաշրջանում մթնոլորտի բարելավմանը:
Սեպտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում էականորեն սրվել է: «Պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով», - ասել է Փաշինյանը:-0-