Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Առանձնապես խոշոր չափերով գույքը չհայտարարագրելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավորին և նրա որդուն

09.09.2020, 22:37
Առանձնապես խոշոր չափերով գույքը չհայտարարագրելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավորին և նրա որդուն
Առանձնապես խոշոր չափերով գույքը չհայտարարագրելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավորին և նրա որդուն
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Առանձնապես խոշոր չափերով գույքը չհայտարարագրելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավորին և նրա որդուն։

«Հետք» լրատվական կայքի հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ԱԺ նախկին պատգամավոր Հ. Դ.-ին և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն արարքների կատարման համար, որ վերջիններս թաքցրել են հայտարարագրման ենթակա տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, հաղորդում է ՀՔԾ–ն։

Ըստ մեղադրանքի` Հ. Դ.-ն, 2018-2019 թվականներին հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր, 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի ներառել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի, այդ թվում` Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող բնակարանների և հողամասերի մասին տվյալները:

«Բացի այդ, նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Հ. Դ.-ի որդին, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, իր` 2018 թվականի հայտարարագրում չի ներառելտվյալ հարկային տարում անշարժ գույքի ձեռքբերման և սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ տվյալները, այսինքն` այդ կերպ թաքցրել է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, խոսքը ԲՀԿ–ական նախկին պատգամավոր Հարնտ Դավթյանի և նրա որդու մասին է։–0–