Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ

03.10.2020, 00:51
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը՝ մարդասիրական նպատակներով` զոհվածների մարմինների տարհանման համար
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ուրբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Շտեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ  Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Համանախագահները խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը, ինչպես նաև Հայաստանում և Ադրբեջանում շփման գծից այն կողմ թիրախավորելը, և անհանգստություն հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճի վերաբերյալ: Քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներն ու սպառնալիքներն անընդունելի են: Համանախագահները կողմերին հորդորում են լիովին պահպանել խաղաղ բնակչությանը պաշտպանելու իրենց միջազգային պարտավորությունները », - ասվում է փաստաթղթում:

Համանախագահները նաև շեշտում են, որ բռնության աճի մեջ ներգրավվածությունը խաթարում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը:

Վկայակոչելով երեք համանախագահող երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը` միջնորդները մեկ անգամ ևս կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բովանդակային բանակցությունները բարեխղճորեն և առանց նախապայմանների:

Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը՝ մարդասիրական նպատակներով`ապահովելու համար մահացածների մարմինների տարհանումը` համաձայնեցնելով ԵԱՀԿ-ի և ԿԽՄԿ-ի հետ:

 Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը (որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ) համատեղ հայտարարություն ընդունեցին Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրանք կողմերին կոչ արեցին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ:-0-