Եկել է դատական համակարգի վիրահատական միջամտության ժամանակը. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։
«Մեր նպատակը ոչ թե խամաճիկների նոր դատական համակարգ ստանալն է, այլ դատական համակարգ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին և արժեքներին », – հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նախօրեին ՀՀ վարչապետը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։
Այսօր առավոտյան ժամը 08։30–ից ակտիվիստները սկսել են արգելափակել դատարանների մուտքն ու ելքը։–0–