Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Եկել էր մի պահ, որ պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի և վրանների արդյունավետության հարցը. Սաղաթելյանը` վրաններն ապամոնտաժելու մասին

16.06.2022, 13:50
Իշխան Սաղաթելյանն անրադարձել է Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության վրանային ավանի ապամոնտաժման հարցին
Եկել էր մի պահ, որ պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի և վրանների արդյունավետության հարցը. Սաղաթելյանը`  վրաններն ապամոնտաժելու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./ԱՌԿԱ/. «Դիմադրություն» ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը` ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն անրադարձել է Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության վրանային ավանի ապամոնտաժման հարցին։

Հիշեցնենք, որ հունիսի 14–ին հանրահավաքի ժամանակ Սաղաթելյանը հայտարարեց, որ վրանային ավանը կատարել է իր առաքելությունը, և ընդդիմությունը որոշել է ապամոնտաժել վրանները։ Նա նաև նշեց, որ այսուհետ ընդդիմության գործողությունները պետք է բխեն նոր ռազմավարությունից, որի հիմնական նպատակն է կանխել նոր կապիտուլյացիոն համաձայնագրի կնքումը, ինչպես նաև հեռացնել պաշտոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մենք որշում ենք կայացրել, որ հրապարակում պետք է ստեղծենք դիմադրության առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, դրա համար անհրաժեշտ էր ունենալ վրանային ավանը, որը հիմնեցինք։ Հսկայական արդյունք ենք ունեցել` այդ վրանները տեղադրելով և պայքարը կազմակերպելով։ Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի և վրանների արդյունավետության հարցը», – ասաց Սաղաթելյանն այսօր ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցերը։

«Մեր խնդիրը ոչ թե վրաններով մեր վճռականությունը ցույց տալն էր, ինչ–որ շրջանակներին ինչ–որ բան ապացուցելն էր,  այլ` այս պայքարը արդյունավետ կազմակերպելը, մեզ համար հեշտ չէր այդ որոշումը ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնաարդյունքի համար։ Մենք կարող էինք օրական մի քանի հարյուր քաղաքացիների հետ շարունակել պահել այս հրապարակը 30–40 աստիճան արևի տակ, վատնել մեր ռեսուրսը, ջլատել մեր ուժերը,բայց  գոյություն ուներ նպատակահարմարության և արդյունավետ շարունակության հարց», – պարզաբանեց  Սաղաթելյանը։

Նա ավելացրեց, որ որոշում ընդունելուց ոչ թե մտածել են իրենց վարկանիշի, այլ արդյունքների մասին։

Նա վստահեցրեց, որ  1–2 օր հետո այն քաղաքացիները, որոնք  այլ կերպ էին մտածում, ովքեր անկեղծորեն մտահոգված էին այն իրավիճակով, որ վրանները հանելուց հետո, հնարավոր է, պայքարը թուլանա կամ նահանջ լինի, կհամոզվեն հակառակում։

«Վրանները իրենց գործը կատարել են։ Մեր քաղաքացիների ուժերը հիմա այլ տեղերում են մեզ պետք։ Եվ մենք մեր այդ քաղաքացիներին ներգրավում ենք այլ աշխատանքների մեջ, պայքարը շարունակվում է։ Հետևաբար, պայքարի արդյունավետությունը պայմանավորված չի վրաններով, դուք դրանում կհամոզվեք։ Եթե կգա ինչ–որ փուլ, որ որոշենք, որ մեզ այդ վրաններն էլի անհրաժեշտ են, մենք որևէ կաշկանդ չունենք»,- ասաց Սաղաթելյանը։

Ընդդիմության բողոքի ակցիաների մասին

Ապրիլի 18-ից ընդդիմությունը Երևանում և մարզերում կազմակերպում էր հանրահավաքներ, երթեր և քաղաքացիական անհնազանդության ակցիաներ՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ով, ըստ «Դիմադրություն» շարժման, չի կարող ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։

Հունիսի 3-ին Երևանի Պարոնյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցավ բախում ընդդիմադիր ցուցարարների և ոստիկանների ու կարմիրբերետավորների միջև։

Իրավապահները կիրառեցին մահակներ և լուսաձայնային նռնակներ։ Բախման հետևանքով բժշկական կենտրոններ էին դիմել շուրջ 60 տուժածներ, այդ թվում՝ ոստիկաններ։ Զանգվածային անկարգություններ կազմակերպելու փաստերով հարուցվել են քրեական գործեր, որոնցով որպես մեղադրյալ անցնում է 15 մարդ, 10 մարդ կալանավորվել է։-0-