Հայաստանը պատրաստ է սահմանազատման գործընթացին, իսկ Ադրբեջանն այժմ գրեթե չի խոսում դրա մասին.ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանն ամբողջովին պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթացին և սպասում է Ադրբեջանի արձագանքին, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք պատրաստ ենք սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Երևի նկատել եք, որ Ադրբեջանը սկզբից խոսելով սրա մասին` այժմ գրեթե չի խոսում սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին։ Հայաստանն այս առումով ամբողջովին պատրաստ է և սպասում է Ադրբեջանի արձագանքին», – ասել է նա «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։
Գրիգորյանը նշել է, որ սահմանապահ զորքերին սահմանի պատասխանատվության հանձնումը հնարավոր է, երբ սահմանազատման, սահմանագծման գործընթաց կսկսվի և ամբողջովին սահմանը հստակ կլինի։
«Սահմանապահ զորքերը այս պահին վերահսկում են Տեղ գյուղից դեպի հարավ` այսինքն մինչև Արաքս գետ ամբողջ սահմանային գիծը, և այդ առումով քանի որ այնտեղ որոշակի չափով հստակություններ կան, մենք կարողացել ենք այդ մասում տեղակայել սահմանապահ զորքերը, մնացած մասերում դա հնարավոր է լինելու, երբ սահմանազատման և սահմանագծման գործընթաց լինի», – պարզաբանել է նա։
Արտաքին հետախուզական ծառայության մասին
Գրիգորյանը նաև անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջերս արված հայտարարությանն այն մասին, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն։
ԱԽ քարտուղարը նշել է, որ Արտաքին հետախուզական ծառայություն Հայաստանը մինչ այսօր էլ ունեցել է, որը գործել է ԱԱԾ–ի կառույցի ներսում։
«Աշխարհի գրեթե բոլոր երկրները կամ գրեթե մեծամասնությունն անցում են կատարել այն համակարգին, որտեղ ԱԱԾ–ն և Արտաքին հետախուզական ծառայությունը տարբեր ծառայություններ են, տարբեր գերատեսչություններ են, նաև հետախուզական գործունեության կարևորությունը հաշվի առնելով` անհրաժեշտություն կա այդ գործունեությանն ինստիտուցիոնալ ստատուս տալ, և այդ առումով մենք համարում ենք, որ կա այդպիսի առանձին կառույց ստեղծելու անհրաժեշտություն», – ասել է նա։
Պատասխանելով ան հարցին, թե ինչի նման գերատեսչության առկայության դեպքում հայկական կողմին ինչու ժամանակին չեն զգուշացրել, որ ենթադրենք պատերազմ կարող է սկսվել սեպտեմբերի վերջին` Գրիգորյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, ունենալով աշխարհի հզորագույն հետախուզական ծառայություններից մեկը, 2001թ.–ի սեպտեմբերի 11–ի մասին հստակ ինֆորմացիա և կանխարգելման գործողությունների հնարավորություն չի ունեցել։
«Մենք արձանագրում ենք, որ էդպիսի խնդիր ունեցել ենք, նաև որպեսզի հետագայում մենք կարողանանք մեր կարողություններն ավելացնել անվտանգության սպառնալիքները գնահատելու մասով, որոշում ենք կայացրել, որ էսպիսի կառույց ստեղծենք, բայց սա միայն կարելի է ասել արտաքին հետախուզության խնդիր չի, սա ընդհանուր հետախուզական համայնքի խնդիր է, որպեսզի անվտանգության բոլոր կառույցները կարողանան շարունակական սպառնալիքների գնահատում կատարել, և դրա միջոցով նաև կարողանան կանխարգելիչ գործողությունների առաջարկություններ ներկայացնել», – ասել է Գրիգորյանը։–0–