Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Երևանը ողջունում է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն. Սարգսյան

23.05.2012, 12:44
Հայկական կողմը ողջունում է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, ասված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում: Նիստն անցկացվում է Երևանում մայիսի 22-24-ը՝ խոսնակ Սամվել Նիկոյանի նախագահությամբ:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական կողմը ողջունում է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, ասված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում: Նիստն անցկացվում է Երևանում մայիսի 22-24-ը՝ խոսնակ Սամվել Նիկոյանի նախագահությամբ: 

«Հայաստանը համոզված է, որ միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայնմամբ, փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմոլորտ փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ և կոմպրոմիսային ճանապարհով բոլոր խնդիրների լուծման»,- ասված է նախագահի ուղերձում: 

Նա նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս միջազգային կառույցների, հատկապես ՍԾՏՀԿ-ի գործունեությանը և վեևջինիս խորհրդարանական ձևաչափի հետագա զարգացմանը որպես տարածաշրջանային համագործակցության առանցքային մարմին: 

«Դրա վառ ապացույցն է նաև այն, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել այս նիստը հյուրընկալել անգամ գործող խորհրդարանի վերջին աշխատանքային օրերին չկապելով ՍԾՏՀԿ ԽՎ-ի բնականոն գործունեությունը ներպետական, քաղաքական օրացույցի հետ»,- նշել է Սարգսյանը: 

Նրա խոսքերով՝ այսօր խորհրդարանական դիվանագիտությունն իր ուրույն տեղն է գրավում միջպետական հարաբերությունների զարգացման գործում, հատկապես մեծ է նրա դերը ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման հարցերում: 

«Միջխորհրդարանական երկխոսության հաստատումն էական նշանակություն ունի նման արժեքների տարածման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար: Այդ ամենն իր հերթին օգնում է տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատման շնորհիվ հասնել տևական խաղաղության ու կայունության հաստատման»,- նշված է հաղորդագրության մեջ:
Այս համատեքստում նա կարևորել է ՍԾՏՀԿ ԽՎ-ի դերակատարությունը: 

«Վստահ եմ, որ մեզ միավորում են միասնական նպատակները ուղղված քաղաքական երկխոսության խորացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, մեր ժողովուրդների բարեկեցության ապահովմանը: ՀՀ-ն շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ և ողջունելու է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն»,- ասել է նախագահը:

Նիստի ընդհանուր քննարկումները նվիրված են ամենաարդիական թեմաներին կայուն տնտեսական զարգացմանը, էկոլոգիային, բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը, մասնավոր բիզնեսին պետական աջակցության ապահովմանը: --0--