«Տարին ամփոփում ենք լավ տնտեսական ցուցանիշներով». ՀՀ վարչապետը հանդիպել է նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Վերջին ամիսներին, կարծում եմ՝ և՜ Դուք, և՜ ես, բավական հագեցած օրակարգով ենք աշխատել, և շատ կարևոր է, որ այդ աշխատանքի արդյունքները կիսենք իրար հետ, որովհետև, կարծում եմ, ընդհանրապես կարևոր և հրատապ խնդիր է մեր երկրում պետական ինստիտուտների աշխատանքի ճիշտ համադրումը: Այո՜, այսօր մենք Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ առավոտյան մեր հարգանքի տուրքը մատուցեցինք բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին»,- նշել է վարչապետը:
Նա ասել է նաև, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն պատմական փաստի և արդարության ճանաչման խնդիր է, այլև կարևոր ներդրումը ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում:
Միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ը նշում է, որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
«Եվ, իհարկե, մենք նախկինում էլ ասել ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկում ենք նաև որպես Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչ։ Մենք այդ թեմայով խոսել ենք նախկինում և այսօր էլ կխոսենք՝ մեր հետագա անելիքները ճշգրտելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրել է այն մասին, որ ժամանակն է տարին ամփոփելու, նաև նշել, որ 2-3 օր առաջ Ազգային ժողովում ընդունվեց 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը:
«Մենք բավական լավ տնտեսական ցուցանիշներով ենք տարին ամփոփում, ինչը մեզ համար կարևոր է՝ հաջորդ տարի առավել վստահ մուտք գործելու համար: Իհարկե, կարծում եմ, որ որպես տարվա ամփոփում՝ պետք է արձանագրենք նաև մեր աշխատանքի թերությունները, բացթողումները, դժվարությունները, որոնք իհարկե, անխուսափելի են, բայց դա չի նշանակում, որ չպետք է դրանց վերացմանը և ավելի արդյունավետ աշխատանք ապահովելուն ուղղված քայլեր անենք»,- նշել է վարչապետը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահին կառավարությանը և Ազգային Ժողովի գործունեությանը աջակցելու համար` նշելով, որ «Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջև շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորված, և բավական լավ համագործակցություն կա: Իհարկե, սա շատ ուրախալի փաստ է, մանավանդ սահմանադրական նոր կառուցակարգերի տրամաբանության մեջ, և մյուս կողմից, այստեղ մեր պայմանավորվածությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի այդ փոխգործակցությունն առավել արդյունավետ դառնա»:
Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: -0-