Ընդդիմությունը հայտնել է հետագա պայքարի պլանները (

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./ԱՌԿԱ/. ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ սկսվում է գործող իշխանությունների դեմ պայքարի նոր փուլը:
«Այս պահից սկսած այս հրապարակը ժողովրդինն է:Այս պահից սկսած իշխանությունը ժողովրդինն է: Այսօր մենք գիշերը կանցկացնենք այս հրապարակում», - հայտարարեց նա Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ:
Սաղաթելյանը հայտնեց, որ վաղն առավոտյան 08:30-ից կսկսվեն անհնազանդության խաղաղ ակցիաներ:
«Վաղն առավոտյան 08:30-ից մենք սկսում ենք նրանց (գործող կառավարությանը, խմբգր.) իշխանությունից զրկելու գործընթացը: Սա իշխանության զավթում չէ: Սա արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է՝ դուրս գալ պայքարի և որքան հնարավոր է շուտ հեռացնել թրքացած իշխանությանը, հեռացնել հանուն Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի: Վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ և մայրուղիներ փակ կլինեն: Վաղը Կենտրոն համայնքում չպետք է լինի ոչ մի շարժվող մեքենա», - ասաց նա:
Նա կոչ արեց բոլորին, այդ թվում՝ ուսանողներին, վաղվանից սկսել դասադուլ և գործադուլ:
«Դժվար է լինելու, մեզ բերման են ենթարկելու, բայց այդ ամենը երկար չի տևի, դրանից հետո երկրում կլինի ազատություն, արդարություն և համերաշխություն», - ասաց նա:
Սաղաթելյանը տեղեկացրեց, որ այսօրվա հանրահավաքն ընդմիջվում է և կվերսկսվի 19:00-ին, երբ Ֆրանսիայի հրապարակում տեղադրվեն վրաններ, վառարաններ և այլ իրեր գիշերելու համար:
«Դուք ունեք պատմական հնարավորություն ուղղել սեփական սխալը, կանգնել ժողովրդի կողքին: Սա ուղղվելու, հասկանալու, գիտակցելու և ժողովրդի հետ լինելու ձեր վերջին հնարավորությունն է: Հետո ուշ կլինի», - ասաց նա:
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը նշեց, որ այսօր սկսված պայքարը չի ավարտվի մինչև ընդդիմության կողմից դրված նպատակին հասնելը:-0-