Հայաստանի խորհրդարանը սկսել է «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 20%–ը հանձնելու համաձայնագրի քննարկումը
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանն ուրբաթ օրվա արտահերթ նիստում սկսել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների համաձայնագրի քննարկումը։
Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2–ին Երևանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի արդյունքներով։
Պատասխանելով պատգամավորների հարցերին` Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ընդգծեց, որ փաստաթուղթը որևէ կերպ չի սահմանափակում Հայաստանին մեկ այլ երկրից հետագայում ավելի ցածր գնով գազ գնելու հարցում։
Նախարարը նշեց նաև, որ համաձայնագրի պայմաններով «Գազպրոմը» հետագայում իրավունք չունի վաճառել ընկերության բաժնետոմսերը մեկ այլ կողմի` առանց Հայաստանի կառավարության համաձայնության։
«Նույնիսկ Հայաստանի կառավարության համաձայնության դեպքում «Գազպրոմը» կարող է վաճառել բաժնետոմսերի 49 տոկոսից ոչ ավելին, ու միայն հարակից ընկերությանը»,– ասաց Մովսիսյանը` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է անում Հայաստանը, եթե ռուսական մենաշնորհատերը որոշի բաժնետոմսերը Թուրքիային կամ Ադրբեջանին վաճառել։
Համաձայնագրի նախագծին համապատասխան` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մինչև 2014թ․ հունվարի 31-ը «Գազպրոմ» ԲԲԸ-ի սեփականությանն է հանձնում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում իր 20 տոկոս բաժնեմասը։
Արդյունքում` «Գազպրոմ» ԲԲԸ–ի բաժնեմասը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում կկազմի 100 տոկոս։
Համաձայնագրի նախագծին համապատասխան` ՌԴ–ն երաշխավորում է Հայաստանին «Գազպրոմ» ԲԲԸ–ի կողմից բնական գազի մատակարարումներ` հանրապետության ներքին կարիքների ամբողջական բավարարման համար անհրաժեշտ ծավալներով` հայկական տնտեսվարող սուբյեկտների կողմից մատակարարվող բնական գազի ամբողջական և ժամանակին վճարման պայմանի դեպքում` հաշվի առնելով դեպի Հայաստան բնական գազի տարանցիկ հնարավորությունները` ներառյալ գազի տեղափոխման տեխնիկական վիճակը։
Հայաստանի կառավարությունը երաշխավորում է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն առաքվող/տրվող բնական գազը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում սպառման համար, ենթակա չէ արտահանման Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։
Համաձայնագրի նախագծի համաձայն, Հայաստանի կառավարությունը մի շարք երաշխիքներ է տրամադրում` ներառյալ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի կողմից Հայաստանի սպառողների համար նախատեսված գազի ներկրման, «Գազպրոմ» ԲԲԸ–ի և Հայաստանի Հանրապետության տարածքում դրա դուստր ձեռնարկությունների ներդրումների հետ կապված արտասահման վճարումների անարգել փոխանցման բացառիկ իրավունքը։
Համաձայնագիրը ստորագրվում է անորոշ ժամկետով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:38 20.12.2013