Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

ԵՄ–ն պատրաստ էր առաջիկա տարիներին Հայաստանին մինչև 6 մլրդ եվրո տրամադրել. փորձագետ

26.11.2013, 17:54
Եվրամիությունը պատրաստ էր առաջիկա 3–4 տարում Հայաստանին 6 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրել Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում, կարծում է «Concord» քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
ԵՄ–ն պատրաստ էր առաջիկա տարիներին Հայաստանին մինչև 6 մլրդ եվրո տրամադրել. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը պատրաստ էր առաջիկա 3–4 տարում Հայաստանին 6 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրել Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում, կարծում է «Concord» քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը։

«Եվրոպան պատրաստ էր առաջիկա 3–4 տարում մինչև 6 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրել, սակայն ոչ թե «գրպանի ծախսերի», այլ որոշակի բարեփոխումներ իրականացնելու համար», – երեքշաբթի լրագրողներին ասաց Շահնազարյանը։

Նրա խոսքերով` ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ ընթացող բանակցությունների ողջ ընթացքում Հայաստանի իշխանությունները որևէ էական բարեփոխում չիրականացրին, սակայն Բրյուսելում դրա վրա «աչք էին փակում», քանի որ գոհ էին Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունից։

«Արևմուտքը պետք է վերջ դնի այս քաղաքականությանը։ Պետք է համարժեք  գնահատականներ տրվեն Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին։ Հարկավոր է նաև դադարեցնել ներկա իշխանություններին ֆինանսական աջակցությունը», – նշեց նա։

Փորձագետը նաև ընդգծեց, որ Բրյուսելում սխալմամբ կարծում էին, թե կարելի է համատեղել Եվրոպական հարևանության քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հետ։

Շահնազարյանը միաժամանակ նշեց, որ ԵՄ–ի հետ Արևելյան գործընկերության երկրների մերձեցման նկատմամբ Ռուսաստանի արձագանքը սպառնում է համաեվրոպական անվտանգությանը։ Նա նաև ավելացրեց, որ Մոսկվայի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացները դատապարտված են ձախողման։

«Ուկրաինայի հարցում գլխավոր դերը տնտեսական ռիսկերը չէին, այլ Հայաստանի նման, իշխանությունների հասցեին ուղղված ճնշումն ու սպառնալիքները։ Չեմ կասկածում, որ Ուկրաինան կդառնա եվրոպական ընտանիքի մի մասը, իսկ «ռուսական կայսրության» փլուզումն անխուսափելի է», – ավելացրեց նա։

Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեի օրինագծում նախատեսված ԵՄ–ից դրամաշնորհների ընդհանուր ծավալը կազմում է 25 մլն եվրո։ Ըստ Հայաստանի 2013 թ.–ի բյուջեի` հարևանության եվրոպական քաղաքականության շրջանակներում նախատեսված է Հայաստանին տրամադրել 110 մլն եվրո, ինչպես նաև 21,1 մլն դոլար` ԵՄ աջակցությամբ իրականացվող ընթացիկ նախագծերը շարունակելու համար։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։
Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։–0–