ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դեսպանատունը երեքշաբթի հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
«ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով, որին նախորդել էր կուսակցությունների ու քաղաքական դաշինքների միջև ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատվամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար», – նշվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ քվեարկությանը օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնավոր Հայաստանի ամբողջ տարածքում, և ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրավունքը:
ԱՄՆ դեսպանությունը համամիտ է ԵԱՀԿ Մարդու իրավունքների ու ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության նախնական գնահատման հետ, որտեղ նշվում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար ազատությունների հանդեպ՝ միաժամանակ նկատելով, որ «ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն» ու ընտրողների վրա գործադրված ճնշումները:
«Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում ենք աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այս մտահոգությունները», – նշվում է հայտարարության մեջ։
25 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները հետևողականորեն աջակցել է Հայաստանին ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների զարգացման ճանապարհին:
«Այս ընտրություններին մենք հպարտ էինք գործակցել Հայաստանի կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Եվրամիության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ՝ ներդնելու ընտրողների նույնականացման նոր տեխնիկական համակարգը: Այս նոր սարքավորումների միջոցով ապրիլի 2-ին տեղամասերում հնարավոր եղավ ապահովել ընտրական ընթացակարգերն առանց լուրջ միջադեպերի և Հայաստանի ընտրական օրենսդրությամբ սահմանված ուղենիշների համաձայն», – նշվում է հայտարարության մեջ։
Միացյալ Նահանգները շարունակելու է դիտարկել և վերլուծել միջազգային ու տեղական դիտորդների զեկույցները, ինչպես նաև ընտրությունների հետ կապված բողոքների դատական կարգով լուծումը հետընտրական շրջանում:
«Այժմ, երբ ընտրության արդյունքները հայտնի են, մենք խրախուսում ենք բոլոր կողﬔրին՝ կառավարությանը, ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը, շարունակել իրենց ներգրավվածությունը խաղաղ բանավեճերին ու քննարկումներին», – նշվում է հայտարարության մեջ։
Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։
ԿԸՀ նախնական արդյունքների համաձայն, բոլոր 2009 ընտրատեղամասերի տվյալների մշակումից հետո, խորհրդարան է անցնում չորս քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը հավաքում է քվեների 49.12 տոկոսը, «Ծառուկյան դաշինքը» (27,32%), «Ելք» դաշինքը (7,77%) և ՀՅ Դաշնակցությունը (6,57%)։–0–