ՀՀԿ–ն հաղթեց Ավագանու ընտրություններում. ԿԸՀ
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. ԿԸՀ–ն ավարտել է բոլոր ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման գործընթացը։
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են մայիսի 14–ին։ ԿԸՀ–ի տվյալներով, քվեարկությանը մասնակցել է 345 226 մարդ կամ ձայնի իրավունք ունեցողների 40,99 տոկոսը։ Ընտրողների ցուցակում ներառված է 842 147 մարդ։
ԿԸՀ–ի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն, Երևանում գործող բոլոր 474 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ՀՀԿ–ն հավաքում է 240 036 ձայն կամ 71,25 տոկոս։
Երկրորդ տեղում «Ելք» դաշինքն է (70 731 ձայն կամ 21,00 տոկոս), երրորդ «Երկիր Ծիրանին» է, որի օգտին քվեարկել է 26 109 մարդ կամ 7,75 տոկոս։
Ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին»` նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը։
«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը, որը ձևավորվում է կուսակցական սկզբունքով` համաքաղաքային ընտրությունների հիման վրա, որոնք անցկացվում են քվեարկության համամասնական համակարգով։
Ըստ օրենսդրության, եթե ընտրությունների արդյունքում խորհրդում կուսակցություններից մեկը ստանում է 50%–ից ավել տեղեր, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։ Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից կամ կուսակցություններից ոչ մեկը չի ստանում 50%–ից ավել, ապա քաղաքապետն ընտրվում է Ավագանու խորհրդի անդամների գաղտնի քվեարկության միջոցով։ Երևանի Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից։
Ներկա խորհրդում ներառված է երեք խմբակցություն` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցությունը։ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցնում է իր պաշտոնը 2011 թ.–ից։ –0–