Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

ՀՀ ԱԳՆ-ն «ռասիստական է» անվանել Ադրբեջանի նախագահի տարածքային հավակնությունները

09.02.2018, 18:15
Ինչպես նշել է ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը, «Իլհամ Ալիևի հոխորտումը նպատակ ունի կոծկել արտաքին քաղաքականության ձախողումները, ինչպես նաև երկրում օրեցօր վատթարացող սոցիալ–տնտեսական վիճակը»:
ՀՀ ԱԳՆ-ն «ռասիստական է» անվանել Ադրբեջանի նախագահի տարածքային հավակնությունները

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Պատմական տարածքները, այդ թվում Երևանը վերադարձնելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոչը «Բաքվի իշխող ռեժիմի ռասիստական ինքնության» դրսևորում է, ասվում է ուրբաթ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի տարածած հայտարարության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Յենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցության նիստին ասել է, որ Երևանը պատմական ադրբեջանական տարածք է, ինչպես նաև նշել է, որ այդ տարածքների վերադարձը Ադրբեջանի ռազմավարական ու քաղաքական նպատակն է:

«Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին Ադրբեջանի (որը աշխարհի քաղաքական քարտեզում հայտնվել է միայն 100 տարի առաջ) նախագահի հայտարարությունները նորություն չեն: Այս հայտարարությունները ի հավելումն բազմաթիվ հայտարարությունների այն մասին, որ հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամիներն են, հերթական անգամ ցույց են տալիս Բաքվի իշխող ռեժիմի ռասիստական էությունը», - ասաց Բալայանը:

Ինչպես նշել է ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը, «Իլհամ Ալիևի հոխորտումն ինքն իրեն նվիրված ժողովին նպատակ ունի կոծկել արտաքին քաղաքականության ձախողումները, ինչպես նաև երկրում օրեցօր վատթարացող սոցիալ–տնտեսական վիճակը»:-0-