ՀՀ նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 16-ին, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել:
«Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից: Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», - հայտարարել է Արթուր Վանեցյանը:-0-