Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ վարչապետ. մեծ է հավանականությունն`այս 14 օրում վարչապետի թեկնածու առաջադրվեմ` չընտրվելու կանխավարկածով

16.10.2018, 17:59
Փաշինյանը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ այս 14 օրում վարչապետի թեկնածու առաջադրվի` իհարկե չընտրվելու  կանխավարկածով։
ՀՀ վարչապետ. մեծ է հավանականությունն`այս 14 օրում վարչապետի թեկնածու առաջադրվեմ` չընտրվելու  կանխավարկածով

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, պատգամավորներ Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին և Հայկ Կոնջորյանին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս կարևոր շրջափուլում ձեզ տեսնելու համար, որպեսզի քննարկենք այն իրավիճակը, որն այսօր ունենք և այն նոր փուլը, որը թևակոխում ենք: Մինչ այդ ուզում եմ ասել, որ շատ բարձր եմ գնահատում այն ճանապարհը, որը միասին անցել ենք: Իհարկե, նաև այս անցումային շրջանում մենք պետք է որոշակի համաձայնություններ արձանագրենք, որպեսզի արդյունավետ քայլերով գնանք առաջ և հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս ընթացքում նաև որոշակի իրավական գործընթացներ ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում: Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաև այդպիսին, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն, իհարկե չընտրվելու կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, և իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք: Չնայած այս ընթացքում անընդհատ շփման մեջ ենք եղել, նաև ճգնաժամի պահին, բայց ևս մեկ անգամ հանդիպել, քննարկելու առիթը շատ հաճելի է, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք հրավերին»:           

Իր հերթին, Արամ Սարգսյանն ասել է. «Մենք նույնպես շնորհակալ ենք համատեղ աշխատանքի համար: Ջանասիրությամբ ու գործին նվիրվածությամբ, եռանդով ինչպես աշխատել ենք «Ելք» դաշինքում միասին՝ որպես խմբակցության ղեկավար և որպես խմբակցության անդամներ, այնպես էլ շարունակելու ենք աշխատել անկախ նրանից, թե որ քաղաքական թևը կամ ինչ մոտեցում կներկայացնենք: Այս խնդրում միանշանակ կողմնակից ենք իրավական ճիշտ լուծումների: Իրավաբանների առաջարկած ցանկացած մոտեցում, ինչը ձեռնտու է վարչապետին, մեզ միանշանակ ձեռնտու է»:

Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ վարչապետը հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։ Արդեն հոկտեմբերի 8–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ, որի համաձայն` կուսակցությունը պարտավորվում է չառաջադրել վարչապետի թեկնածու։ 

Հոկտեմբերի 9–ին ՀՀԿ խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 16–ին հայտարարել է,  որ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել։–0–