ՀՀ վարչապետն առաջարկում է օպտիմալացնել պետական կառավարման համակարգը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ առաջարկել է աշխատանքներ իրականացնել պետական կառավարման համակարգի օպտիմալացման ուղղությամբ։
«Քառօրյա պատերազմը ստիպեց վերանայել մեր աշխատանքը, մասնավորապես` կոռուպցիայի դեմ պայքարի և բանակի մարտունակության ապահովման հարցում։ Մենք պետք է դառնանք ավելի արդյունավետ պետություն», – ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` Հայաստանի ռեսուրսները սահմանափակ են, սակայն խնդիրները կարող են հարթվել կառավարման ավելի կատարյալ մոդելների ներդրման և ընդունված որոշումներն արագորեն կյանքի կոչելու շնորհիվ։
«Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տնտեսության զարգացմանը, առողջապահության և կրթության ոլորտներում առկա խնդիրների լուծմանը», – նշեց վարչապետը։
Նա նաև տեղեկացրեց, որ մայիսի 14–ից ամեն շաբաթ քննարկվելու են ակտուալ խնդիրները։ Այդ քննարկումների ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել նաև սփյուռքի ներկայացուցիչների առաջարկները։
Վարչապետը նաև առաջարկեց անցնել բյուջեի տնտեսման ռեժիմի, կրճատել գործուղումների ծախսերն ու ներկայացուցչական ծախսերը։
«Պետական կառավարման ապարատը պետք է ավելի կոմպակտ դառնա։ Խոսքը ողջ համակարգի մասին է», – նշեց վարչապետն ու ավելացրեց, որ հնարավոր կրճատումները կարող են հանգեցնել սոցիալական լարվածության, սակայն այդ քայլերն անխուսափելի են` հաշվի առնելով երկրի առջև ծառացած նոր մարտահրավերները։
Վարչապետը նաև նշեց մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որոնք բացառում են պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների մասնակցությունը պետական գնումների գործընթացում ու հանձնարարեց երեք շաբաթվա ընթացքում ուսումնասիրել մենաշնորհների գործունեությունը։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-