ՀՅԴ–ՀՀԿ համագործակցության համաձայնագիրը կստորագրվի չորեքշաբթի` օրվա երկրորդ կեսին
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՅԴ–ՀՀԿ համագործակցության համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի այսօր` օրվա երկրորդ կեսին, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Միաժամանակ համաձայնագրի տեքստը մինչև հիմա չի հրապարակվել, սակայն ակտիվ քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, որ համագործակցության շրջանակում ՀՅԴ–ն կստանա նախարարական երեք պորտֆել և երկու մարզպետի պաշտոն։
Ռուստամյանի խոսքով` սպասվում է, որ համաձայնագիրը կստորագրեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Միաժամանակ սպասվում է, որ համաձայնագիրը կլինի անժամկետ։
«Ամենայն հավանականությամբ, եթե ոչինչ չփոխվի, ապա կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի այսօր` օրվա երկրորդ կեսին և կհրապարակվի, եթե տեղի չունենան անկանխատեսելի հանգամանքներ և փոփոխություններ», – ասաց Ռուստամյանը։
Նա նշեց, որ ՀՅԴ–ն գնացել է որոշակի փոխզիջումների, սակայն հարցերի այն շրջանակը, որոնցով ձեռք է բերվել համաձայնություն, արդեն բավարար է համագործակցության համար։
Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը, ապա, նրա խոսքով, կողմերը մտադիր են գործել բաց և կառաջարկեն լրատվամիջոցներին հետևել համաձայնագրի բոլոր կետերի կատարմանը։
Խոսելով նշանակումների և պատգամավորների փոխարինման մասին` Ռուստամյանը նշեց, որ ամեն ինչ արդեն որոշված է, սակայն առաջարկեց սպասել համաձայնագրի ստորագրման։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:53 24.02.2016