Հայաստանի և Իրանի քննչական մարմիններն ընդարձակում են համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Փաստաթղթի համաձայն, կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան, պայմանավորվել են համագործակցել կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության, դիմումների քննության, ինչպես նաև՝ յուրաքանչյուր կողմի իրավասության այլ լիազորությունների իրականացման բնագավառում:
Կկազմակերպվեն պատվիրակությունների կամ փորձագետների փոխադարձ այցեր՝ համաձայն նախապես մշակված փոխանակության ծրագրի, ֆորումներ, աշխատանքային հանդիպումներ, գիտաժողովներ և կլոր սեղաններ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների քննչական մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով քրեական գործերով միմյանց օպերատիվ տեղեկատվության փոխանակումն ու իրավական օգնության ցուցաբերումը։ Կողմերը նախանշել են փոխգործակցությունը զարգացնելու կոնկրետ ուղղություններ։
ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով։
ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության պարտականությունների ու իրավասությունների մեջ է մտնում նաև վերահսկողության սահմանումը՝ արդարադատության գերատեսչությունների և վարչությունների ֆինանսական և վարչական հարցերի, դատական իշխանության ենթակա կառույցների, իրավապահ մարմինների, պետական ընկերությունների և ինստիտուտների, քաղաքապետարանների և ներքին գործերի նախարարության ենթակա կառույցների և այլ կազմակերպությունների վրա, նշված կառույցներում կանոնավոր կարգով ստուգումների իրականացումը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:43 13.07.2016