Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ–թուրքական երկու արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը`ելույթ ունենալով Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ժամանակ։
«Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների», – ասել է նա։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրել են «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։
Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման մասին` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։
Հիշեցնելով, որ հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները` Սարգսյանը նշել է, որ այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում:
«Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանքվավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից։ Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար», – ընդգծել է ՀՀ նախագահը։
Սարգսյանի խոսքով, Հայաստանն, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Նշելով, որ հաջորդ տարի Միավորված ազգերի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը` ՀՀ նախագահը հայտարարել է, որ Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, և «մենք բոլորին հրավիրում ենք մեզմիանալ և պաշտպանել այդ նախաձեռնությունը»։
«Պատվո ու Պատասխանատվության այս բարձր ամբիոնից պարտքս եմ համարում երախտագիտություն հայտնելու այն երկրներին, որոնք ճանաչեցին կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Շնորհակալություն` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից: Շնորհակալություն շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք ի լուր աշխարհի իրենց անունով են իրերը կոչում: Դա իսկապես կարևոր է, քանի որ ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանության նոր ոճիրների համար»,– ընդգծել է Սարգսյանը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Չեխիայի խորհրդարանը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը և Չեխիայի խորհրդարանը: -0