Հրապարակվել է Լուկաշենկոյի ճեպազրույցի հատվածը` Փաշինյանի հասցեին հնչող վիրավորական ռեպլիկով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմային և այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած խոսակցությանը։
«Պուտինի ներկայությամբ նրան (Փաշինյանին, խմբգր.) ասացի, եղել է ԱՊՀ գագաթնաժողովը, այնտեղ Իլհամն էր կար (Ալիև)... Ես նրան ասացի. «Նիկոլ, արի ամեն ինչ իր տեղը դնենք, ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, ո՞վ` Ռուսաստանը...», իսկ ես նրան (Փաշինյանին, խմբգր.)` ինչու՞ ես լռում, վախենում...Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին....վախենու՞մ ես», – հայտարարել է Լուկաշենկոն։
Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանին զենքի վաճառքի հարցով երկրորդ տեղում Իսրայելն է, երրորդը` Թուրքիան, իսկ Բելառուսը միայն 4–5–րդ տեղում է` այն էլ հաշվի առնելով «Պոլոնեզները»։
««Պոլոնեզները» չկան, կլինենք 10–րդը։ Ինչու՞ ես հարձակվում Բելառուսի վրա, հարձակվում ես յուրայիններիդ վրա, որպեսզի ուրիշնե՞րը հասկանան։ Դե ասա, ես կլռեմ...Ահա այսպիսի խոսակցություն է եղել։ Եվ որտե՞ղ եմ ես սխալ։ Ինչու՞ եմ հակահայկական մարդ։ Մեզ մոտ հայերն ավելի լավ են ապրում, քան Հայաստանում», – նշել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոյի հայտարարության տեսանյութը կարելի է դիտել հետևյալ հղումով (այդ հատվածը կարելի է դիտել սկսած 20–րդ րոպեից)։
Ինչպես հաղորդվել էր սվելի վաղ, Լուկաշենկոն նույն հանդիպման ընթացքում մեկնաբանել էր Բելառուսի հասցեին հնչած այն քննադատությունները, որոնք կապված են Ադրբեջանին զենք, մասնավորապես՝ «Պոլոնեզ» հրթիռային համալիրներ վաճառելու հետ:
Լուկաշենկոն նշել էր, որ դրա համար մեղադրելու կարիք չկա, քանի որ նա «Պոլոնեզի» փորձարկմանը հրավիրել էր և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որպեսզի նրանք համոզվեն, որ այն գերճշգրիտ զենք է:
«Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք: Իսկ մենք պետք է վերադարձնենք վարկը, որը վերցրել ենք այդ նպատակով: Եվ այդ ժամանակ ասացի, որ կվաճառեմ ադրբեջանցիներին: Հայերին նույնպես առաջարկել եմ նմանատիպ համալիր: Հայերը հրաժարվեցին` ասելով, որ իրենք ունեն ռուսական «Իսկանդերը», որը ցուցադրել են շքերթի ժամանակ», - ասել է Լուկաշենկոն:
Ըստ նրա, ադրբեջանցիների խնդրանքվ մինչև շքերթը նրանց համար պատրաստվել է համալիրը:
«Գուցե իմ մեղքն այն է, որ ես փորձել եմ հասցնել պատրաստել այդ համալիրը մինչև շքերթի անցկացումը: Բայց չէ՞ որ ես առաջարկել եմ նաև հայերին, և նրանք ասել են` պետք չէ», - նշել է Լուկաշենկոն:–0–