Рейтинг@Mail.ru

Փաշինյանը ներկայացրել է «թավշյա» հեղափոխության հետագա ծրագրերը

17.04.2018, 21:22
«Հայաստանում սկսված «թավշյա» հեղափոխությունը պետք է շարունակվի», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ներկայացրել է «թավշյա» հեղափոխության հետագա ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում սկսված «թավշյա» հեղափոխությունը պետք է շարունակվի, երեքշաբթի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13–ից Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Հանրահավաքներն ապրիլի 16–ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով վնասվածք է ստացել 46 մարդ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու 6 ոստիկան։ Երեքշաբթի Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին և իր համախոհների հետ արգելափակեց պետական գերատեսչությունների շենքերի մեծ մասը։

«Եթե այսօր մենք կաթվածահար արեցինք Երևանի կենտրոնը, ապա վաղը պետք է արգելափակվի ողջ քաղաքը», – ասաց նա։

Նրա խոսքով, գործողությունները կսկսվեն ժամը 10։00–ին Ֆրանսիայի հրապարակում, ինչից հետո նրանք կարգելափակեն գերատեսչական շենքերն ու փողոցները։ Գործողությունները կավարտվեն երեկոյան Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքով։

Նա տեղեկացրեց, որ հիմա ցուցարարները երթով կշարժվեն քաղաքի փողոցներով, ինչից հետո բոլորը պետք է գնան տուն գիշերելու և վաղվա ակցիաները սկսեն մաքուր էջից։–0–