Թուրքիայի իշխանություններն ու ժողովուրդը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանը կշարունակի պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, այդ թվում, որպեսզի նման ողբերգություններ ապագայում չկրկնվեն, կիրակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետն ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը կավարտվի միայն այն ժամանակ, երբ թուրք ժողովուրդը կճանաչի այն և կգիտակցի իր նախնիների մեղքը հայերի նկատմամբ ։
«Արդարությունը պետք է վերականգնվի, պետք է պայքարել դրա համար։ Թուրքական իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որի 101–րդ տարելիցը նշվում է այս տարի», – ասաց Աբրահամյանն ու ավելացրեց, որ միջազգային հանրությունը ևս իր ավանդն է ներդրել Ցեղասպանության դատապարտման գործընթացում։
«Պետք է նայենք դեպի ապագա, ամրապնդենք Արցախը։ Դա պայքարի միակ ճանապարհն է», – ավելացրեց վարչապետը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-