Յուրի Խաչատուրովը շարունակում է զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. Բալայան
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Յուրի Խաչատուրովը շարունակում է զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, երեքշաբթի ճեպազրույցին հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Ավելի վաղ Հայաստանն առաջարկել է ՀԱՊԿ գործընկեր պետություններին սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26–ին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ «մարտի 1»–ի գործով։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանք կիրառելու համար։ Դատարանը որոշեց ազատ արձակել Խաչատուրովին 5 մլն դրամ գրավի դիմաց։
«Նրա փոխարինման հարցի շուրջ անցկացվող քննարկումները չեն նշաակում, որ Խաչատուրովն ազատվել է այդ պաշտոնից։ Նա շարունակում է զբաղեցնել ՀԱՊԿ
գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ակնհայտ է, որ ինչ–որ մեկը պետք է փոխարինի նրան։ Մենք ունեցել ենք նման նախադեպ 2016–ից 2017թթ. ժամանակաշրջանում, երբ մինչև Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է առաջին տեղակալը», – ասաց Բալայանը։
Նա նշեց նաև, որ այն, թե ով և երբ կփոխարինի Խաչատուրովին այդ պաշտոնում քննարկման առարկա է ու կդառնա ընդհանուր կոնսենսուսի արդյունք։
«Հայաստանի գործողությունները բխում են ՀԱՊԿ-ի ամրապնդման տրամաբանությունից։ Գլխավոր քարտուղարի փոխարինման քննարկումները բխում են հենց այդ տրամաբանությունից։ Հայաստանը մտադիր չէ քայլեր ձեռնարկել, որոնք կարող են բացասական ազդել կազմակերպության վարկանիշի վրա։ Մենք հետաքրքված ենք, որպեսզի ՀԱՊԿ–ը շարունակի իր բնականոն աշխատանքը», – ասաց նա։
Միաժամանակ Բալայանը հրաժարվեց պատասխանել զբաղեցրաց պաշտոնի հետ կապված Խաչատուրովի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ, քանի որ դա կարող է խախտել հետաքննության գաղտնիությունը, սակայն նշեց, որ այդ հարցի վերավբերյալ ԱԳՆ պատասխանը կցված է գործին։