Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել Արցախի ճանաչման օրինագիծը. Պեսկով

05.05.2016, 14:59
Կրեմլում կոչ են անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել քայլերից, որոնք կարող են խախտել փխրուն հրադադարն ու հանգեցնել լարվածության սրման։
Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել Արցախի ճանաչման օրինագիծը. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. Կրեմլում կոչ են անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել քայլերից, որոնք կարող են խախտել փխրուն հրադադարն ու հանգեցնել լարվածության սրման։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Արցախի ճանաչման մասին ընդդիմության օրինագծին։ 

«Շատ ուշադիր հետևում ենք այս համատեքստում ընդունվող որոշումներին և, անխոս, նախկինի պես հույս ունենք, որ հակամարտության կողմերը կխուսափեն ցանկացած քայլից, որը կարող է խախտել բավականին փխրուն հրադադարն ու հանգեցնել լարվածության սրման», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Նա նշել է, որ Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել Արցախի ճանաչման օրինագիծը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ իր եզրակացությունն է ներկայացրել Արցախի ճանաչման օրինագծի մասին։ Կառավարության եզրակացության մեջ նշվում է, որ օրինագիծը Հայաստանի և Արցախի կառավարությունների միջև տեղի ունեցած քննարկումների արդյունք է ու պայմանավորված է հետագա, հնարավոր գործընթացներով, այդ թվում` արտաքին գործոններով։ Օրինագծի հեղինակներն ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանն են։ Ըստ օրինագծի` Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը։

Ինչպես լրագրողներին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Ադրբեջանի նոր ագրեսիայի դեպքում Ղարաբաղի ճանաչման հարցը կներառվի խորհրդարանի օրակարգում։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–