Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Բաքվի դիրքորոշումը խանգարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Նալբանդյան

02.02.2016, 18:16
Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
   Բաքվի դիրքորոշումը խանգարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հրապարակային հայտարարություններում հասցեագրված կոչ արեցին Ադրբեջանին չսրել իրավիճակը հակամարտության գոտում, հաստատել խնդրի խաղաղ կարգավորման պարտավորությունները, քայլեր ձեռնարկել` ուղղված վստահության միջոցների ամրապնդմանը, ընդունել միջադեպերի քննության մեխանիզմների ստեղծման առաջարկը, ձեռնպահ մնալ ՄԽ համանախագահների ջանքերի քննադատությունից։

Նրա խոսքով` Ադրբեջանն անտեսում է համանախագահների բոլոր այդ կոչերը, գնում է իրավիճակի սրման, ինչի հետևանքով չի հաջողվում հասնել առաջընթացի։

«2015 թ.–ի դեկտեմբերի 19–ին, շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո, Բեռնում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Հակամարտության գոտում իրավիճակի սրման պայմաններում տեղի ունեցած հանդիպման օրակարգը կենտրոնացած էր լարվածության թուլացման վրա։ Հանդիպումը ցույց տվեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը հակասում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև համանախագահների դիրքորոշումներին», – ասաց ԱԳ նախարարը։

Նրա կարծիքով` հաճախ բանակցությունների ժամանակ Հայաստանն ու միջնորդները ստիպված են լինում ոչ այնքան առաջ շարժվել, որքան «ուշքի բերել» ադրբեջանական կողմին։   

Նա, մասնավորապես, հիշեցրեց ադրբեջանական կողմի վարքագծի մասին Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը պարզապես փախավ նիստերի դահլիճից` չցանկանալով ընդունել վերջնական հռչակագիրը, քանի որ այնտեղ հղում էր արվում միջնորդների հայտարարություններին։ Նալբանդյանի խոսքով` փաստաթուղթը հաջողվեց ընդունել երկարատև հորդորներից հետո։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-