Ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա. ԼՂՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./ԱՌԿԱ/. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ:
Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):
«Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր:
Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 («Գրադ») հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով», – հայտնում է ԼՂՀ ՊՆ–ն:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: -0-