Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Գոհունակություն ենք հայտնում բաց բանավեճից հետո հանրաքվեի խաղաղ անցկացման համար. ԱՄՆ դեսպանատուն

08.12.2015, 18:23
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ։
Գոհունակություն ենք հայտնում բաց բանավեճից հետո հանրաքվեի խաղաղ անցկացման համար. ԱՄՆ դեսպանատուն
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ։

Հայտարարությունում ասվում է.

«Գոհունակություն ենք հայտնում ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ:  Նոր սահմանադրությունից բխող կառավարման  համակարգի փոփոխությունը զգալի է: Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ:

Մենք կոչ ենք անում ընտրական հանձնաժողովին և ՀՀ կառավարությանը կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների  թափանցիկ քննություն: Այս հարցերին պետք է լուծում տալ հիմա, ինչպես նաև կառավարության և ազգային ժողովի կողմից  նոր ընտրական օրենսգրքի ձևավորման ընթացքում՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները՝ ապահովելու, որ հետագա ընտրությունները ՀՀ ժողովրդի կողմից համարվեն արժանահավատ, լեգիտիմ և ընկալվեն որպես իրենց իսկ կամքի իրական արտահայտում»:

Դեկտեմբերի  6–ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Ընդդիմությունը հայտարարում է քվեարկության ընթացքում գրանցված բազմաթիվ կեղծիքների մասին իսկ իշխանությունները նշում են, որ խախտումները չեն կարող ազդել վերջնական արդյունքների վրա։

ԿԸՀ–ի նախնական տվյալներով` սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել ընտրողների 63,35 տոկոսը, դեմ` 32,35 տոկոսը։–0–