Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Ծառուկյանը խելացի և շրջահայաց քայլ է կատարել` հրաժարվելով երկրում իրավիճակի սրումից. ՀՀԿ խմբակցության նախագահ

23.02.2015, 15:25
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խելացի և շրջահայաց քայլ է կատարել` հրաժարվելով երկրում ներքաղաքական իրավիճակի հետագա սրումից, երկուշաբթի խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը։
 Ծառուկյանը խելացի և շրջահայաց քայլ է կատարել` հրաժարվելով երկրում իրավիճակի սրումից. ՀՀԿ խմբակցության նախագահ
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՏԿԱ/. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խելացի և շրջահայաց քայլ է կատարել` հրաժարվելով երկրում ներքաղաքական իրավիճակի հետագա սրումից, երկուշաբթի խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը։

Փետրվարի 20–ին ԲՀԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։

«Գագիկ Ծառուկյանը հասկացել է, որ ստեղծված բավականին բարդ իրավիճակում շատ անզգուշ քայլ կլիներ ժողովրդին ուղղորդել դեպի ցնցումներ։ Ուկրաինայի եվրոմայդանն ու այլ գունավոր հեղաշրջումներն ինքնուրույն չեն առաջացել, այլ` հենց նման անզգույշ քայլերի հետևանքով», – ասաց նա։

Խոսելով երկուշաբթի խորհրդարանի նիստը բոյկոտելու ԲՀԿ խմբակցության որոշման մասին` Բաղդասարյանը որակեց դա սովորական մարտավարական հնարք։ «Սա տակտիկական որոշում է, որն ընդունված է քաղաքականության մեջ, ոչ մի ավել բան», – ավելացրեց նա։

ԲՀԿ խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ–ի քառօրյան` հաշվի առնելով երկրում ստեղծված բարդ և լարված ներքաղաքական իրավիճակը ու մտադիր է առաջիկա օրերին հանդես գալ հայտարարությամբ և ներկայացնել հետագա գործողությունների կոնկրետ ծրագիր։

.Ինչպես ավելի վաղ նշել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, այսօր ԱԺ–ում նախատեսվում էր քննարկել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական մանդատի հարցը։

Փետրվարի կեսերին  սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

Ինչպես նախորդ շաբաթ գրում էին հայկական ԶԼՄ–ները, չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը երկուշաբթի կուսակցության քաղխորհրդին դիմում կներկայացնի կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մասին։–0–