Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Չարժե ակնկալել լուրջ առաջընթացներ Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքում. քաղաքագետ

18.12.2015, 21:06
Չարժե ակնկալել լուրջ առաջընթացներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում։
Չարժե ակնկալել լուրջ առաջընթացներ Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չարժե ակնկալել լուրջ առաջընթացներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում, ուրբաթ տեղի ունեցած «Նովոստի–Արմենիայի» Փորձագիտական ակումբի առաջին նիստի ժամանակ հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։

«Դժվար է ակնկալել, որ նախագահների հանդիպման արդյունքում լուրջ հիմքեր կդրվեն` հակամարտության կարգավորման հետագա գործընթացի համար», – ասաց Մարգարովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Նրա խոսքով` հանդիպումից ամենաշատը կարելի է ակնկալել, որ կհնչի Ալիևին հասցեագրված կոչ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ–ների շփման գծում լարվածության նվազման մասին։

«Հարցի նկատմամբ իրատեսական մոտեցումը լավատեսության առիթ չի տալիս։ Վերջին 16–18 ամսում առաջնագծում լարվածությունն անընդհատ աճել է, և մ 2014 թ.–ի հունիսին գրանցված լարվածության համեմատաբար ավելի ցածր մակարդակին վերադառնալը նախադրյալներ չի ստեղծում դրական կանխատեսումների համար», – նշեց Մարգարովը։

Քաղաքագետն ընդգծեց, որ վերջին տարիների ընթացքում ադրբեջանական կողմը մշտապես փորձում է հանել բանակցային գործընթացը ԵԱՀՄ ՄԽ–ի ձևաչափից, սակայն դա նրան դեռ չի հաջողվում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։–0–