Հանրաքվեին ID քարտերով քվեարկության գործընթացը վերահսկվելու է. Սմբատյան
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ID քարտերով քվեարկության գործընթացը գտնվելու է վերահսկողության տակ, լրագրողներին ասաց ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Հոկտեմբերի 29–ին ՀՀ ԱԺ–ն ընդունեց «Նույնականացման քարտերի մասին» օրենքում և Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, որոնք թույլ են տալիս ընտրությունների ժամանակ օգտագործել ներքին օգտագործման համար տրամադրվող ID քարտերը։
Սմբատյանը նշեց, որ եթե քաղաքացիները քվեարկությանը մասնակցեն ID քարտերով, դրանց վրա կնիք չի դրվի, «քանի որ պարզապես անտրամաբանական է կնիք դնել պլաստիկ քարտերի վրա»։
«Նման դեպքերի համար օրենսդրությունը սահմանել է վերահսկողության այլ մեթոդ. քաղաքացու անվան առաջ ընտրացուցակում դրվելու է նշան, որը հաստատել է ID քարտով քվեարկությանը մասնակցելու փաստը։ Բացի այդ, բոլոր ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների հրապարակման ժամանակ իրենց գրանցման մատյաններում ֆիքսելու են այն քաղաքացիների թիվը, ովքեր քվեարկությանը մասնակցել են ID քարտերով», – նշեց Սմբատյանը։
Նա նաև ընդգծեց, որ այդ տվյալենրը նաև ներառվելու են ԿԸՀ–ի արձանագրության մեջ։
Դեկտեմբերի 6–ին ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։ Ժամը 08։00–ից երկրի ողջ տարածքում բացվել են 1997 ընտրատարածքներ, որոնցից ութը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, դրանցից մեկը կբացվի ժամը 11։00–ին, իսկ մնացածը` 17։00–ին։
Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։
Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:45 06.12.2015