ՄՄ–ին Հայաստանի միանալու որոշմամբ միության անդամները փաստացի ճանաչեցին Ղարաբաղը որպես ՄՄ տարածք. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՄՄ–ին Հայաստանի միանալու մասին որոշմամբ միության անդամները փաստացի ճանաչեցին Լեռնային Ղարաբաղը որպես միության տարածք, կարծում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
«Կարևոր եմ համարում այն, ինչին մենք հասանք Մինսկում Մաքսային միության անդամ երկրների միջև քննարկումների ընթացքում, որոնց ժամանակ հստակ արձանագրվեց, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ոչ մի մաքսային սահման լինել չի կարող։ Սա չափազանց կարևոր պնդում է, քանի որ այս ամենի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքը, ըստ էության, դառնում է ՄՄ տարածք», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը։
Նա պարզաբանեց, որ ՄՄ Հայաստանի մուտքից հետո ապրանքները, որոնք կհայտնվեն հայկական շուկայում միության մասնակից երկրներից, ԼՂՀ–ի հետ մաքսային սահմանի բացակայության արդյունքում առանց խոչընդոտի կհայտնվեն նաև Ղարաբաղի շուկայում, իսկ ԼՂՀ–ում արտադրվող արտադրանքը Հայաստանի միջոցով կմատակարարվի ՄՄ երկրների շուկաներ։
«Այս իմաստով եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի անկախության մասին, ապա այն վճռորոշ քայլ է, քանի որ տնտեսական տեսակետից այս երեք երկրները` Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, դե ֆակտո ճանաչեցին այն փաստը, որ ԼՂՀ տարածքը ՄՄ տարածք է», – ավելացրեց նա։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։
Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:51 29.11.2013