Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Միքայել Մանուկյանը խորհրդարանում կզբաղեցնի ԳԴՀ–ում դեսպան նշանակված նախկին փոխխոսնակի տեղը

14.01.2014, 18:20
Ազգային ժողովի` Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի տեղը կզբաղեցնի կուսակից Միքայել Մանուկյանը, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Միքայել Մանուկյանը խորհրդարանում կզբաղեցնի ԳԴՀ–ում դեսպան նշանակված նախկին փոխխոսնակի տեղը
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովի` Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի տեղը կզբաղեցնի կուսակից Միքայել Մանուկյանը, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Երեքշաբթի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ԱԺ համամասնական ընտրակարգով «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Վաղինակի Մանուկյանին տալու վերաբերյալ:
Դեկտեմբերի 28–ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել խորհրդարանի նախկին փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

Միքայել Մանուկյանը ծնվել է 1967 թ.–ի ապրիլի 10–ին Երևանում։ 1986 թ.–ին ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձևավորման ֆակուլտետը։ 1986–1988 թթ.–ին ծառայել է խորհրդային բանակում։ Ղարաբաղյան ազատամարտի սկզբից մասնակցել է պատերազմական գործողություններին։ 1992-2002թթ. աշխատել է «Երկիր» օրաթերթում` որպես թղթակից։

2002 թ.–ին ՀՅԴ Գերագույն մարմնում` կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատուն է եղել։ Նախկին գումարման խորհրդարանի պատգամավոր է եղել (2007–2012 թթ.)։

Պարգևատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան»  և ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ։–0–