Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ԱՄՆ–ն խորապես շահագրգռված է Հայաստանին օգտակար լինելու հարցում. Նուլանդ

18.02.2015, 20:03
ԱՄՆ–ն խորապես շահագրգռված է օգտակար լինելու Հայաստանին՝ տնտեսության զարգացման, բարեփոխումների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման հարցերում և ընդգծել վերոհիշյալ ուղղություններով Հայաստանում արձանագրված դրական ձեռքբերումները, ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նյուլանդը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
   ԱՄՆ–ն խորապես շահագրգռված է Հայաստանին օգտակար լինելու հարցում. Նուլանդ
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/.  ԱՄՆ–ն խորապես շահագրգռված է օգտակար լինելու Հայաստանին՝ տնտեսության զարգացման, բարեփոխումների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման հարցերում և ընդգծել վերոհիշյալ ուղղություններով Հայաստանում արձանագրված դրական ձեռքբերումները, ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նյուլանդը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Նյուլանդն ընդգծել է, որ այդ ուղղություններով Հայաստանը դրական արդյունքների է հասել։

Վիկտորիա Նյուլանդը գոհունակությամբ է խոսել Հայաստան այցի շրջանակներում մինչ այս պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումների մասին: Նա ընդգծել է, թե Միացյալ Նահանգները պատրաստակամ է քննարկելու Հայաստանին ԱՄՆ հետագա աջակցության հնարավորությունները:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջազգային հավաքական ջանքերին, մասնավորապես՝ Կոսովոյի և Աֆղանստանի խաղաղապահ գործողություններին շահագրգիռ մասնակցության համար:

Նախագահը հույս է հայտնել, որ տիկին Նյուլանդի այցը Երևան, նոր շունչ կհաղորդի հայ-ամերիկյան բարձր մակարդակի երկխոսությանը: Հանրապետության Նախագահի համոզմամբ, այսպիսի այցերը լավ հնարավորություն են` քննարկելու ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային հարցեր և համատեղ լուծումներ փնտրելու առկա խնդիրներին:

Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը, ում հետ օրերս է հանդիպել, նույնպիսի ակտիվությամբ կշարունակի իր նախորդի՝ Ջոն Հեֆերնի գործը՝ մեծ ավանդ ունենալով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերակատարությունը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման գործում, հատկապես՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել բարեկամ Միացյալ Նահանգների կառավարությանը՝ անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առկա մտահոգությունների վերաբերյալ, քննարկել բանակցություններն ի նպաստ տարածաշրջանի խաղաղության ու կայունության արդյունավետորեն շարունակելու հնարավորությունները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրներին, մարտահրավերներին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընթացիկ տարում Հայաստանում և արտերկրում նախատեսված միջոցառումներին:-0-