Рейтинг@Mail.ru
USD
365.38
EUR
426.22
RUB
4.3633
GEL
140.01
2026 թ. օգոստոսի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայի իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը

22.11.2013, 14:46
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը նեղ կազմով բանակցություններից հետո քննարկել են Սիրիայի իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայի իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը նեղ կազմով բանակցություններից հետո քննարկել են Սիրիայի իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

«Կան ընդհանուր քայլեր, որոնք մենք պետք է ձեռնարկենք, և այն բանակցությունները, որոնք մենք վարեցինք այդ թեմաների շուրջ, մեզ թույլ տվեցին հարթակ, այդ հարցերի կարգավորման համար հիմք ստեղծել»,– Ռուսաստանի և Թուրքիայի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի ընթացքում ասել է Էրդողանը։
 
«Ես հավատում եմ, որ Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանում պարտավորություններ ունեն` ադրբեջանա–հայկական հակամարտության, Սիրիայի, Իրաքի իրավիճակի զարգացման տեսանկյունից»,– ավելացրել է Թուրքիայի վարչապետը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-